ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԽԱՉԱՆՅԱՆ

Դերասան

1 փետրվար, 1894 - 30 հունիս, 1944

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տրապիզոն քաղաքում: Մեկ տարեկան հասակում տեղափոխվել է Ռուսաստան: Միջնակարգ կրթությունն ստացել է Եկատերինոդարի ռուսական դպրոցում, ապա ավարտել է հայկական ծխական դպրոցի չորս դասարանները: 1919թ. Սիմֆերոպոլում ավարտել է Նիկիտինի մասնավոր կինոստուդիան: Բաթումի, Սուխումի, Կրասնոդար, Սիմֆերոպոլ և այլ քաղաքներում հանդես է եկել ռուսական, երբեմն, հայկական թատերախմբերի հետ: 1922թ. Բաթումիում խաղալիս, նրան նկատել է Վահրամ Փափազյանը և երիտասարդ դերասանին իր հետ բերել Երևան, որտեղ դարձել է Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան: Եղել է հայկական Առաջին պետթատրոնի և ազգային կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից: 1933-35թթ խաղացել է Երևանի բանվորական թատրոնում: Ցայտուն անհատականության կատակերգակ-արտիստին բնորոշ էին հոգեբանական նրբերանգներով հագեցած, սոցիալական նկարագրով հուզիչ, գեղարվեստորեն հավաստի խաղ թե դրամատիկական թատրոնում, թե կինոյում: Խաղացած ներկայացումներից են` Մոլիերի «Դոն Ժուան» (Սգանարել), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Գրումիո), «Վինձորի զվարճասեր կանայք» (Ֆալստաֆ), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Պաղտասար), «Մեծապատիվ մուրացկաններ» (Աբիսողոմ աղա), Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» (Ռասպլյուև), Ա.Օստրովսկու «Անտառ» (Սչաստլիվցև) և այլն: 1925թ-ից կերտել է մի շարք գլխավոր դերեր հայկական ֆիլմերում` «Նամուս» (1925թ.), «Զարե» (1926թ.), «Շոր և Շորշոր» (1926թ.), «Խասփուշ» (1927թ.), «Մեքսիկական դիպլոմատներ» (1931թ.), «Կիկոս» (1933թ.), «Պեպո» (1935թ.), «Մևանի ձկնորսները» (1938թ.), «Քաջ Նազար» (1940թ.) և այլն: Նկարահանվել է նաև համր կինոկոմեդիաներում: 1935թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար