Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԱՐԱՋԵՎ

Դիրիժոր

27 սեպտեմբեր, 1877 - 22 հուլիս, 1954

Կոնստանտին Սարաջյան

Ծնվել է Դաղստանի Դերբենդ քաղաքում: 1898թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Ի.Գրժիմալիի ջութակի դասարանը (կոնտրապունկտ ուսումնասիրել է Ս.Տանեևի մոտ): 1900թ-ից եղել է Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայի նվագախմբի կոնցերտմայստեր: 1905-06թթ Լայպցիգում պարապել է Ա.Նիկիշի մոտ (դիրիժորություն): 1908թ-ից Մոսկվայում հանդես է եկել որպես մենակատար-ջութակահար, նվագել կամերա-գործիքային անսամբլներում, ժողովրդական կոնսերվատորիայում վարել ջութակի և երաժշտության գրագիտության դասարաններ, ղեկավարել է Հանրամատչելի սիմֆոնիկ համերգներ Սոկոլնիկիում (1908թ., 1910թ., 1911թ.), օպերային ներկայացումներ Սերգիևո-Ալեքսեևյան ժողովրդական տանը (1911-12թթ), գլխավորել «Ազատ թատրոնի» երաժշտական մասը (1913-14թթ): Եղել է դասական երաժշտության խոր գիտակ և լուրջ մեկնաբան, ժամանակակից երաժշտության անխոնջ պրոպագանդող: Նրա ղեկավարությամբ են առաջին անգամ հնչել Ն.Մյասկովսկու, Ս.Պրոկոֆևի, Դ.Շոստակովիչի շատ սիմֆոնիկ երկեր: Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո, ակտիվորեն մասնակցել է սովետական երաժշտական կյանքին: 1918-19թթ Սարատովում վարել է սիմֆոնիկ համերգներ, ղեկավարել Սովետական օպերայի թատրոնը, դասավանդել կոնսերվատորիայում: Դոնի Ռոստովում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ և օպերային թատրոն, եղել է Ազով-Սևծովյան նավատորմի նվագախմբի դիրիժոր, ստեղծել է կամերագործիքային անսամբլ: 1922թ. Ա.Լունաչարսկու հրավերով տեղափոխվել է Մոսկվա: 1922-35թթ եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (վարել է նվագախմբային, խմբավարական, օպերային դասարանները, դասավանդել երաժշտատեսական առարկաներ, պարտիտուրի ընթերցում): Հատկապես մեծ դեր է խաղացել դիրիժորական կադրերի պատրաստման գործում: Աշակերտներից են եղել Գ.Բուդաղյանը, Լ.Գինզբուրգը, Մ.Պավերմանը, Բ.Խայկինը, Յ.Տիմոֆեևը և ուրիշներ: 1922-24թթ եղել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեկտորը: 1924-35թթ և 1926թ-ից ղեկավարել է սիրողական սիմֆոնիկ նվագախումբ, որն 1926թ-ից կոչվել է նրա անունով: Սովետական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել Վիեննայում և Պրահայում (1927թ.): Նրա դիրիժորական արվեստն աչքի է ընկել վառ արտիստականությամբ, դասական խստությամբ, կատարվող ստեղծագործության գաղափարագեղարվեստական մտահղացման բացահայտման խորությամբ: 1935թ-ից ապրել է Երևանում, ծավալել բազմակողմանի ստեղծագործական և կազմակերպչական գործունեություն: 1935-39թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը, մասնակցել է Ա.Դարգոմիժսկու «Ջրահարսը» (1938թ.) օպերայի, Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1939թ.), Ա.Խաչատրյանի «Երջանկություն» (1939թ.) և «Գայանե» (1947թ.) բալետների բեմադրություններին: 1941թ-ից եղել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Լայնորեն պրոպագանդել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունը: 1936-54թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1936-37թթ և 1940-54թթ եղել է ռեկտորը (1936թ-ից՝ պրոֆեսոր): Սաներից են եղել՝ Ա.Քաթանյանը, Յ.Դավթյանը, Հ.Ոսկանյանը և ուրիշներ: Պարգևատրվել է մի շարք պետական շքանշաններով: 1921թ. դարձել է Սոցիալիստական աշխատանքի հերոս: 1945թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 1947թ.՝ ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: Սարաջևի անունով Երևանում կոչվել է երաժշտական դպրոց: