ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

25 մայիս, 1910 - 9 մարտ, 1974

Խաչիկ Տոնոյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Դաշտադեմ գյուղում, որտեղից եկել է «Դաշտենց» գրական անունը: 1932թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1940թ.՝ Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը: 1965թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Դասախոսել է Երնանի բուհերում։ 1965-74թթ աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրք»-ը, լույս է ընծայել 1932թ.։ Այնուհետև հրատարակել է «Գարնանային երգեր» (1934թ.), «Բոց» (1936թ.) ժողովածուները և «Տիգրան Մեծ» (1947թ.) չափածո ողբերգությունը։ Լայն ճանաչում է բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» (1950թ., 1956թ., 1960թ., 2000թ.) վեպը։ Ժողովրդական ասմունք և պատմական հիշատակներ, ազգագրություն և հեքիաթներ, կենցաղ և գեղջկական պատումային ձևեր՝ իր ժողովրդագիտության այս պաշարները, որ գրողը ժողովել էր վաղ մանկությունից մինչև այրական հասակը, նա գործի դրեց բանահյուսական-էպոսային արձակի մեծ խնդիրը լուծելու համար։ Դրա հաջորդ քայլը՝ թերևս ամենանշանակալից քայլը, եղավ «Ռանչպարների կանչը» (1979թ., 1984թ., 2010թ.) վեպը, որը պատմում է թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին։ Գրել է նաև «Ֆայտոն Ալեքը», «Ծուռ Խութեցին» պոեմները, հրատարակել «Լեռան ծաղիկներ» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն: Գրել է բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը և հայերը» (1959թ.), «Ըղձյալ այգաբացի երգիչը» (1967թ., Ե.Չարենցի մասին)։ Անգլերենից թարգմանել է Վ.Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Անտոնիոս և Կլեոպատրա», «Տիմոն Աթենացի», «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» և այլ ողբերգություններ ու պատմական քրոնիկներ, Հ.Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» (1943թ., 1958թ.), «Ռոբին Հուդ» (1945թ.), Ռ.Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը» (1941թ., 1963թ.), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին»։ Կազմել է հայկական դպրոցների անգլերենի դասագիրք (Պ.Սրապյանի հեղինակակցությամբ)։ 1973թ-ից եղել է Գերմանիայի Վայմար քաղաքի Շեքսպիրագիտության ընկերության անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: