ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

5 հունվար, 1906 - 30 սեպտեմբեր, 1958

Ծնվել է Թուրքմենստանի Մերվ (այժմ՝ Մարի) քաղաքում: Եղել է կոմպոզիտոր Արամ Սաթունցի եղբայրը: 1926-30թթ սովորել է Բաքվի Հայարտան երաժշտական ստուդիայում: 1930թ-ից բնակվել է Երևանում: 1936թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական (դասատուներ՝ Հարո Ստեփանյան, ապա՝ Սարգիս Բարխուդարյան) և դիրիժորական (դասատու՝ Կոնստանտին Սարաջև) դասարանները: 1930-39թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես երաժշտական մասի վարիչ և դիրիժոր: 1939-47թթ ղեկավարել է «Հայկինո» ստուդիայի երաժշտական մասը: 1947-52թթ եղել է Հայաստանի կոմպոզիսորների միության վարչության նախագահը, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ: Կոմպոզիտորի ինքնատիպ ոճն ու վարպետությունը ձևավորվել են երգի ժանրում՝ հայ մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի կոմպոզիցիոն հատկանիշների ստեղծագործական յուրացման ու զարգացման հիման վրա: Երգերը (գրված մեծ մասամբ Գ.Սարյանի բանաստեղծություններով) բազմազան են, նախ, իրենց տեսակներով ու մեղեդիական կերտվածքով՝ առանց նվագակցության մասսայական երգ, էստրադային երգ-ռոմանս, խմբերգային կրկնակով երգեր, զուգերգ, խմբերգ, ժողգործիքների, ժողովրդական երգի ու պարի անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գործիքային մասի նշանակալից դերով) երգեր՝ ծորուն եղանակավոր. ասերգային-պատմողական, պարային, զարդարուն-կոլորատուրային և այլն: Հարուստ ու բազմազան են նաև այդ երգերի տրամադրություններն ու հուզական երանգները, քնարական՝ «Մարտիկի երգը» (նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի թեմային), «Սիրո երգ», «Աղբյուրի մոտ», վիպական՝ «Լավ լսեք ինձ», «Աշխատանքի երգ», «Կենաց երգ» և այլն: Սրանց բոլորի մեղեդիներին հատուկ են ելևէջային թարմություն ու կառուցվածքային հնարամտություն, հուզական անմիջականություն և վառ պատկերավորություն: Նույն առումներով նշանակալից են նաև կոմպոզիտորի համեմատաբար խոշոր կտավի երկերը՝ վոկալ-սիմֆոնիկ «Արարատյան հովտի երգեր» (1950թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1952թ.) և «Լեռների երգեր» (1958թ.) շարքերը, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գայանեի արիան» (գրված Ա.Իսահակյանի բանաստեղծության հիման վրա), կոլորատուր սոպրանոյի, երգչախմբի ու սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գարնան երգ» կոնցերտային վալսը և այլն: Հեղինակել է նաև հայկական անսամբլային առաջին երկերից մեկը՝ Լարային կվարտետի (1936թ.), «Զանգեզուրի լեռներում» սիմֆոնիկ պատկերները (1952թ.), փողային նվագախմբի համար գրված քայլերգերը (դրանց թվում՝ «Զաքիյանի դիվիզիայի քայլերգը», 1942թ.), բազմաթիվ դրամատիկական ներկայացումների և կինոնկարների երաժշտություն («Դավիթ Բեկ», 1944թ., «Անահիտ», 1947թ., «Ում է ժպտում կյանքը», 1952թ. և այլն), երաժշտական ձևավորումներ («Սովետական Հայաստան» ֆիլմի համար նրա երաժշտական ձևավորումը Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում 1951թ. արժանացել է մրցանակի): Կոմպոզիտորի ստեղծագործությունն ամբողջապես տոգորված է ջերմ հայրենասիրական ոգով: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1947թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար