
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԼԵՎՈՆ ՇԱՆԹ

6 ապրիլ, 1869 - 29 նոյեմբեր, 1951
Լևոն Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունն սաացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884-91թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-99թթ ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի (Գերմանիա) համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։ 1899թ. վերադարձել է Անդրկովկաս, ավելի քան տասը տարի դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։ Թիֆլիսում մասնակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին, սերտ կապերի մեջ եղել Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի և ուրիշների հետ: «Վերնատունը» կարևոր նշանակություն է ունեցել գրողի գրական ըմբռնումների և ստեղծագործական որոնումների համար։ Հ.Թումանյանի և Ս.Լիսիցյանի հետ կազմել ու հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911թ. անցել է Կ.Պոլիս, դասավանդել Կեդրոնական և Էսայան վարժարաններում։ 1915թ-ից ապրել է Եվրոպայում, 1919թ. վերադարձել է Անդրկովկաս։ Եղել է ՀՅԴ կուսակցության անդամ և Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր։ 1920թ. ամռանը գլխավորել է Սովետական Ռուսաստանի հետ բանակցելու համար Մոսկվա ուղևորված Հայաստանի բուրժուական հանրապետության պատվիրակությունը, որը մերժել է բարեկամության պայմանագիր կնքելու սովետական կառավարության առաջարկը։ 1921թ-ից ապրել է արտասահմանյան տարբեր երկրներում (Իրան, Ֆրանսիա, Եգիպտոս)՝ զբաղվելով ուսուցչությամբ և գրական աշխատանքով։ 1929թ-ից տեղափոխվել է Բեյրութ։ Նրա ստեղծագործական ուղին տևել է վեց տասնամյակ։ 1890-ական թթ հրատարակել է բանաստեղծություններ և «Լերան աղջիկը» պոեմը, որոնց գաղափարական հիմքը կյանքի և իդեալի հակադրության, պատրանքի և երազային սիրո գեղեցկության ռոմանտիկական մոտիվներն են, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք («Մնաք բարովի իրիկունը», 1891թ., «Երազ օրեր», 1894թ., «Դուրսեցիները», 1895թ., «Վերժին», 1897թ., «Դարձը», 1897թ., «Դերասանուհին», 1899թ.)։ Դրանցում, ինչպես նաև ավելի ուշ գրած «Կինը» (1912թ.) վիպակում, արծարծել է սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության հարցեր։ Նրա արձակը հարուստ է հոգեբանական նրբերանգներով, քնարական ջերմությամբ, մանավանդ՝ կին հերոսների ներաշխարհի խոր իմացությամբ։ Սակայն գրողի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ կապվում է, ամենից ավելի, նրա դրամատուրգիայի հետ։ «Եսի մարդը» (1904թ.), «Ուրիշի համար» (1905-06թթ), «Ճամբուն վրա» (1909թ.) դրամաները շոշափում են անհատի և հասարակության փոխհարաբերության, ազգային-ազատագրական պայքարի հարցեր։ «Հին աստվածներ» (1909թ., հրտ.՝ 1912թ.), «Կայսրը» (1916թ.), «Շղթայվածը» (1921թ.), «Ինկած բերդի իշխանուհին» (1923թ.), «Օշին Պայլ» (1932թ.) պատմական դրամաները իրենց նյութով կապված են հայ միջնադարի տարբեր ժամանակաշրջանների, իսկ «Կայսրը»՝ բյուզանդական պատմության հետ։ Սակայն, ընդհանուր առմամբ, պատմական միջավայրի հոգեբանությունը և կենցաղի ճշմարիտ վերարտադրությունը հեղինակի համար էական խնդիր չէ։ Պատմական դեպքերն ու անունները սոսկ պայմանական ֆոն են, որի միջոցով փաստորեն արծարծվում են ժամանակակից սոցիալ-հոգեբանական խնդիրներ։ Նրա պատմական դրամաները, հատկապես «Հին աստվածներ»-ն ու «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են։ Սիմվոլիզմը դրանց մեջ երևան է գալիս սյուժեն իրական և երևակայական պլաններով զուգահեռաբար զարգացնելու, կյանքն իբրև մի հավերժական և անիմաստ շրջապտույտ դիտելու, պատկերներից խորհրդանիշներ ստեղծելու և հերոսների խոսքի ենթատեքստային նշանակությունն ընդգծելու մեջ։ Գրողի պատմական դրամաներում արտահայտվել են նաև անհատապաշտության, հերոսի և ամբոխի հակադրության գաղափարներ։ «Հին աստվածներ» դրամայում, որը հեղինակի գլուխգործոցն է, գեղարվեստական մեծ ուժով բարձրացվել են աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցեր, որոնք խոր արձագանք են գտել հայ հասարակության մեջ։ Այս դրամայի շուրջը 1910-ական թթ Անդրկովկասում և Կ.Պոլսում բուռն վեճեր են ծավալվել։ Դրաման ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ, որոնց մասնակցել են հայ թատրոնի առաջատար ուժեր։ 1916թ. «Հին աստվածներ»-ը ռուսերեն թարգմանությամբ (1912թ.) տպագրվել է Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու»-ում։ Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի» (1945թ.) հոգեբանական վեպը։ Գրել է նաև հայոց լեզվի քերականության դասագրքեր (օգտագործվել են սփյուռքի հայկական դպրոցներում), գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի մի շարք աշխատություններ։ Թարգմանել է Մ.Լերմոնտովի «Մծիրի» (1891թ.) պոեմը, Է.Վոյնիչի «Բոռ» (1906թ.) վեպը, Հ.Իբսենի «Ժողովրդի թշնամին» (1968թ.) դրաման։ Մահացել է Բեյրութում: Երևանում Շանթի անունով կոչվել է դպրոց, նրա պատկերով տպագրվել է փոստային նամականիշ: