
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ՌՈՒԲԵՆ ՍԻՄՈՆՈՎ

1 ապրիլ, 1899 - 5 դեկտեմբեր, 1968
Ծնվել է Մոսկվայում: Նախնական կրթությունն ստացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1917թ. ավարտել է Ս.Ռոստովցևի մասնավոր գիմնազիան: 1918թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ: 1919թ. փոխադրվել է Ֆ.Շալյապինի դրամատիկական ստուդիա: 1920թ-ից ստեղծագործել է Եվգենի Վախթանգովի 3-րդ ստուդիայում, ապա` նրա անվան թատրոնում, որտեղ 1924թ-ից եղել է ռեժիսոր, 1939թ-ից` գլխավոր ռեժիսորը: 1920-30թթ միաժամանակ ղեկավարել է 1-ին, 2-րդ, 3-րդ հայկական, նաև` ուզբեկական ստուդիաները, 1924թ-ից` իր ստեղծած թատրոն-ստուդիան: 1924թ-ից դասավանդել է Միխայիլ Շչուկինի անվան թատերական ուսումնարանում (1946թ-ից` պրոֆեսոր): Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում` Կ.Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ» (Տրուֆալդինո ու Պանտալոնե), Պ.Մերիմեի «Սուրբ նշխարքների կառքը» (Փոխարքա), Դ.Լենսկու «Լև Գուրիչ Սինիչկին» (Սինիչկին), Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» (Բենեդիկտ), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Դոմենիկո), Մ.Բուլգակովի «Դոն Կիխոտ» (Դոն Կիխոտ), Է.Ռոստանի «Սիրանո դը Բերժերակ» (Սիրանո), Ա.Ռժեշևսկու և Մ.Կացի «Օլեկո Դունդիչ» (Օլեկո Դունդիչ) և այլն: Վերջին երկու դերի համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Բեմադրել է Լ.Սլավինի «Ինտերվենցիա», Ն.Պոգոդինի «Հրացանավոր մարդը», Ն.Վիրտայի «Մահապարտների դավադրությունը» (ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1950թ.), Լ.Զորինի «Վարշավյան մեղեդիներ» և այլ ներկայացումներ: 1960-ականներին, Եվգենի Վախթանգովի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, վերականգնել է «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացումը: Բեմադրել է նաև կատակերգություններ` Ա.Սաֆրոնովի «Խոհարարուհին», Էրվեի «Մադմուազել Նիտուշ» և այլն: Կատարել է օպերաների բեմադրություններ` Զ.Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի», Պ.Չայկովսկու «Չերևիչկի», Շ.Գունոյի «Ֆաուստ», Ժ.Բիզեի «Կարմեն» և այլն: Նկարահանվել է «Ծովակալ Նախիմով» (ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1947թ.), «Բոռը» (1955թ.) ֆիլմերում: Մոսկվայի հայկական ստուդիաներում բեմադրել է Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» և այլ պիեսներ: Մեծապես նպաստել է հայ պրոֆեսիոնալ դերասանական արվեստի առաջընթացին, մասնավորապես` Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, Թադևոս Սարյանի, Սուրեն Քոչարյանի և ուրիշների գեղարվեստական դաստիարակությանը: Լենինականի դրամատիկական (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) և Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոններում բեմադրել է Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» պիեսը, իսկ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Պ.Չայկովսկու «Պիկովայի դամա» օպերան: 1946թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1967թ.` Լենինյան մրցանակի: Մահացել է Մոսկվայում: