ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1944թ. օգոստոսի 4-ին, Թբիլիսիում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1951-61թթ բնակվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր), որից հետո կրկին վերադարձել է Թբիլիսի: 1966թ. տեղափոխվել է Երևան և նույն տարում ընդունվել Հայաստանի թատերական ընկերությանը կից նորաբաց թատրոն-ստուդիա, ապա աշխատանքի անցել Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 20 դեր: Առաջին գլխավոր դերը եղել է Աննա Ֆրանկը` Ա.Ֆրանկի «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում: Նրան ճանաչում է բերել Աղունի դերակատարումը` Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում: 1980թ. առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 800 անգամ: Նկարահանվել է ֆիլմերում` «Տատիկի թոռնիկը» (1979թ.), «Ապրեցեք երկար» (1979թ.), «Այդքան երկար սպասված օրը» (1980թ.), «Վառված լապտեր» (1983թ.) և այլն: 1988թ. մասնակցել է Բաքվի կինոփառատոնին և արժանացել արվեստագետ գործընկերների խիստ քննադատությանը: Նրա խոսքերով` մեկնել էր Բաքու, որպեսզի բոլոր ազգերի ներկայացուցիչներին պատմի Սումգաիթում հայ ազգի դեմ տեղի ունեցող վայրագությունների ու ջարդերի մասին, սակայն դերասանուհուն Հայաստանում համարեցին դավաճան, որն էլ պատճառ հանդիսացավ, որ նա 1991թ. տեղափոխվի ԱՄՆ: ԱՄՆ-ում ժամանակ առ ժամանակ բեմ է բարձրացել և մասնակցել տարբեր ներկայացումների: Խաղացել է Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացման մեջ` նվիրված բեմադրիչի վաղամեռ որդուն: Խաղացել է նաև որդու` Հրաչյա Մխիթարյանի բեմադրած «Ժոսեֆինայի յոթ փեսացունեը», «Իմ այլմոլորակային եղբայրը», Վ.Դելմարի «Հիշիր վաղվա օրը» (Լյուսի) և այլ պիեսներում: Նկարահանվել է մի քանի էպիզոդիկ դերեր ամերիկյան տարբեր հեռուստասերիալներում` «Ընդհանուր հիվանդանոց», «Վեց ոտնաչափ ներքև», «Լոս» և այլն: 2004թ. այցելել է Երևան, սակայն չի մասնակցել դրամատիկական թատրոնի ոչ մի ներկայացմանը: 1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1987թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1988թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2014թ.` ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար