ՀՈՌՈՄՈՍԻ ՎԱՆՔ

Հոռոմոսի վանքը կամ Ղոշավանքը գտնվում է Անիից 4 կմ հյուսիս-արևելք: Շիրակի ճարտարապետական դպրոցի ամենավաղ և կարևորագույ վանքային համալիրն է, Անիի նախադուռը: Ախուրյանի աջ և ձախ ափերով ձգվող ճանապարհները այստեղ էին իրար միանում, կազմելով դեպի Բագրատունիների աթոռանիստը տանող մայրուղին: Վանքում կար հատուկ հյուրատուն: Հիմնադրվել է 10-րդ դարի կեսին, Աբաս Բագրատունու օրոք, հալածանքի պատճառով Բյուզանդիայից Հայաստան փոխադրված հայ հոգևորականների խմբին պատկանող Հովհաննես Վանականի կողմից: Տեղադրված է Ախուրյանի աջ ափին, բաղկացած է երկու հիմնական խմբերից: Դրանցից գլխավորը` բարձրադիր տեղում է ու շրջապատված է պարսպապատերով` դարպասը հյուսիսարևմտյան անկյունում է: Պարսպապատից դուրս միմյանց մոտ են գտնվում հորինվածքով միանման Սբ. Մինաս և Սբ. Գևորգ եկեղեցիները, որոնք պատկանում են գմբեթավոր դահլիճների տիպին: Դրանցից 1-ինը ելնելով ոճական առանձնահատկություններից ու պատին փորագրված նվիրատվական արձանագրությունից, որում հիշատակված է 986թ., Թ. Թորոմանյանի կարծիքով կառուցված է 10-րդ դարից ոչ ուշ: Նա գտնում է, որ Հովհաննես Վանականի կառուցած եկեղեցին հենց Սբ. Մինասն է: 2-րդ`  Սբ. Գևորգ եկեղեցու կառուցման ստույգ ժամանակը (11-րդ դարի 1-ին քառորդ), հիշատակված է շինարարական արձանագրությամբ, ըստ որի այն վկայարան է ու կառուցվել է Գագիկ Ա Շահնշահի (Բագրատունու) պատվերով: Բարձունքում տեղադրված ճարտարապետական հուշարձանախումբը բաղկացած է Սբ. Հովհաննես եկեղեցուց և նրա ժամատնից, հյուրատնից, Աշոտ Ողորմածի (Բագրատունու) մահարձանից, 13-րդ դարում իրար կից կառուցված 3 նշխարատներից, և այլն: Սբ. Հովհաննես եկեղեցին ժամատան հետ միասին (ըստ շինարարական արձանագրության) կառուցվել է 1038թ. Գագիկ Ա Բագրատունու որդի` Հովհաննես Շահնշահի (Հովհաննես Սմբատի) պատվերով, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի գահակալության օրոք: Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում եկեղեցու արևմտյան շարունակությունը կազմող ժամատունը: Կենտրոնում կանգնեցված չորս սյուները կամարներով միացված են իրար և հանդիպակաց պատերին կից սյուներին: Դրանց վրա. կենտրոնում, հայկական գլխատան հազարաշեն կոչված փայտե ծածկի սկզբմունքով, սակայն քարակերտ կառուցվածքով, իրականացված է մի աննախադեպ ծածկ: Ծածկի դեպի երդիկը բարձրացող ութնիստ և թեքդիր սեղանակերպ կողերը հարդարված են տարբեր հորինվածքի գորգային համատարած զարդաքանդակներով, որոնք վերից վար իջնող լույսի տակ առավել հնչեղ են դառնում: Վանքային խմբերից առանձին, որոշ հեռավորությամբ, նրանցից Անի տանող ճանապարհին եղել է Ղոշեր կոչվող հաղթակամարանման կառուցվածքը: Այն դիտվում է որպես զանգակատուն, թագավորական դիտաշտարակ, նաև Անի տանող ճանապարհի հանդիսավոր դարպասը: Հայ ճարտարապետության պատմության մոջ եզակի այս հուշարձանը կամարային մեծ բացվածքով, վերևից հորիզոնական քիվով պսակված մի կառուցվածք էր երկու կողմերից պսակված մատուռանման գմբեթավոր ծավալներով: Հարավային կողմից ներսում ամփոփված 12 սանդուղքներով կարելի էր բարձրանալ վերին հարթակը, մտնել հյուսիսային աշտարակը: Կառուցման ժամանակը չի վկայված, հավանաբար արդյունք է Բագրատունիների շինարարկան գործունեության: 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար