ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է (հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան): Այն ստեղծվել է 1921թ.՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում: Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ: 1920–30-ական թթ Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են: 1939թ. Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան: 1941թ. լույս է տեսնում «Բանբեր Մատենադարանի» գիտական պարբերականը (1941 և 1950 թթ՝ «Գիտական նյութերի ժողովածու»), հրատարակվում են «Հայ մշակույթ», «Հայկական մանրանկարչություն» հանրամատչելի գրքույկների մատենաշարերը (հայերեն և օտար լեզուներով), որոնք ներկայացնում են հայ միջնադարյան մշակույթը: 1945թ. ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957թ.: 1954թ. Մատենադարանը ղեկավարել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը, որի ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայանում է որպես հին ձեռագրերի գիտահետազոտական կենտրոն-թանգարան, կարճ ժամանակում արժանանում միջազգային ճանաչման։ Հետագայում այն ղեկավարել են Սեն Արևշատյանը և Հրաչյա Թամրազյանը: 1959թ. Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենքը. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ տարրեր, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները: Գլխավոր ճակատի խորշերի միջնապատերի առջև Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը: 1962թ. Մատենադարանը կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով: Այստեղ պահվում է շուրջ 17.260 ձեռագիր, որից ավելի քան 11.180 հայերեն ամբողջական ձեռագրեր են, մնացածը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, հմայիլներ, նորագույն և օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլ) ձեռագրեր: Արխիվային ֆոնդում պահպանվում են 100.000-ից ավելի վավերագրեր:  Մատենադարանն ունի մատենագիտության ու բնագրագիտության, հին մատենագրության (5-13-րդ դարեր) և մանրանկարչության ուսումնասիրման, ձեռագիր մատյանների ու դիվանական փաստաթղթերի պահպանության, վերականգնման, պատճենահանման, թվայնացման բաժիններ, ինչպես նաև հայագիտական հարուստ գրադարան և պարբերական մամուլի պահոց: Մատենադարանի խնդիրները հին ձեռագրերի պահպանումն ու վերականգնումն են, պատճենահանումն ու թվայնացումը, ձեռագիր հուշարձանների հավաքումը, հայերեն ձեռագրերի մայր ցուցակի կազմումը, միջնադարյան տարաբնույթ բնագրերի, ինչպես նաև հայկական մանրանկարչության հուշարձանների ուսումնասիրությունն ու հրապարակումը, միջնադարյան հայկական աղբյուրներն օտար լեզուներով թարգմանելն ու հրատարակելը, գիտահանրամատչելի գրքույկների միջոցով հայ ժողովրդի ձեռագրական մշակույթի տարածումը և այլն: Տարեցտարի ավելացող ձեռագրերի ու փաստաթղթերի պահպանության համար Մատենադարանի շենքին հարող սարալանջի տակ կառուցվել են ստորգետնյա պահոցներ: 2009թ. սկսվել են Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները: Դեռևս 1987թ. սկսած նախագծվում է Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը, սակայն սկսված շինարարությունը դադարեցվում է 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի պատճառով։ Նոր գիտական մասնաշենքը կառուցվել է 2011թ., որի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար