ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԶՈՐԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Զորավորը Երևանի հնագույն եկեղեցիներից է: Սկզբնապես այն կոչվել է Սբ. Աստվածածնի անունով, այնուհետև վերանվանվել է: Եկեղեցին գտնվում է հին Երևանի Շահար քաղաքամասում: Նախապես այդտեղ գտնվում էր Սբ. Անանիա Առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայրի էր համարվում: Երևանցիների նյութական օժանդակությամբ Մովսես Սյունեցի վարդապետը կառուցում է վանքային համալիր՝ բաղկացած եկեղեցուց, մատուռից, միաբանական խցերից, առաջնորդարանից` բոլորն առնելով պարիսպների մեջ: Հավաքելով այստեղ միաբանություն, հիմնում է նաև վանական դպրոց: Վանքի վերաշինությունը կատարվել է Փիլիպոս Կաթողիկոսի օրոք (1632-35թթ), սակայն նորակառույց վանքին նույնպես վիճակված չէր երկար գոյատևել: 1679թ. երկրաշարժի ժամանակ այն հիմնավեր կործանվեց: Մեր ժամանակների Սբ. Զորավոր եկեղեցին կառուցվել է երկրաշարժից հետո նույն տեղում 1693թ.` Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ: Մեկ այլ արձանագրությունից, գրված կառուցումից հարյուր տարի հետո (1793թ.), տեղեկանում ենք, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից, Ղուկաս կաթողիկոսի օրոք: Եկեղեցին պատկանում է եռանավ բազիլիկների տիպին: Աղոթասրահի արևելայն կողմում ավագ խորանն է ավանդատներով՝ հարավային և հյուսիսային անկյուններում: Եկեղեցու ներքին և արտաքին ճարտարապետությանը բնորոշ է խիստ պարզությունը: Որոշ չափով այն աշխուժացված է շնորհիվ արևմտյան կողմի եռակամար նախասրահի՝ այն պսակող սյունազարդ կաթողիկեով հանդերձ: Արտաքին պատերի առանձին հարթություններում ագուցված են 17-րդ դարով թվագրված գեղաքանդակ խաչքարեր: 1889թ. եկեղեցու հյուսիս-արևմտյան անկյան մոտ կառուցվել է նաև Սբ. Անանիա մատուռի նոր շենքը` արևմտյան կողմից դեպի տապանատուն տանող սանդուղքներով: Խորհրդային տարիներին տարբեր նպատակների ծառայեցվելուց հետո, Սբ. Զորավոր եկեղեցին վերադարձվեց հավատացյալներին, դարձավ գործող: Եկեղեցին՝ Մայր Աթոռի հովանու ներքո, 1970-ական թվականներին հիմնովին նորոգվեց: Նորոգվեցին պատերի խարխլված հատվածները, կտուրի ծածկասալերը, երգչախմբի համար ավելացվեց վերնատուն, կառուցվեց երիցատան նոր շենք: Նորոգման ենթարկվեց նաև Սբ. Անանիայի մատուռը: Եկեղեցու հիմնական վերանորոգումն ու շրջապատի բարեկարգումը կատարվեց Մայր Աթոռի բարերար, ֆրանսահայ Սարգիս Պետրոսյանի նվիրատվությամբ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար