ՕՇԱԿԱՆԻ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին գտնվում է  ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղում: 443թ. կառուցել է իշխան Վահան Ամատունին՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա: 17-րդ դարում եղել է կիսավեր: 1639-45թթ Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը հիմնովին նորոգել է եկեղեցին: Սակայն 19-րդ դարում Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին վերստին եղել է խարխուլ և վթարային վիճակում: Հիմնովին վերակառուցվել է 1879թ., իսկ հոկտեմբերի 21-ին օծվել: Փաստորեն նոր եկեղեցի է կառուցվել, նոր հորինվածքով (մինչև 20-րդ դարը դեռևս պահպանված են եղել նախկին շենքի պատերի հետքերը, արևելքում՝  արտաքուստ  բազմանիստ  Ավագ խորանով): Նոր եկեղեցին թաղածածկ դահլիճ է՝ երեք թաղակիր կամարներով, ձվաձև հատակագծով Ավագ խորանի երկու կողմերում՝ ուղղանկյուն ավանդատներով: Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով: Ավագ խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է: 1880թ., եկեղեցու հարավային կողմում, Վահան Ամատունու գերեզմանի վրա, կանգնեցվել է հուշակոթող, 1884թ. եկեղեցուն արևելքից կցել են երկհարկ, 8-սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատուն, որը բացառիկ է հայկական ճարտարապետության մեջ իր տեղադրությամբ, գլանաձև ծավալով և Ավագ խորանից բացվող մուտքով: 1913թ. եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք: 1964-66թթ, հնդկահայ Պ. Ալեքսանյանի բարերարությամբ, եկեղեցու ներսը նկարազարդարվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարով (նկարիչներ՝ Հ. Մինասյան, Հ.Մամյան): Որմնանկարն իրականացվել է եռապատկեր հորինվածքով: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի՝ ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցն է՝ շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Ա Պարթևը, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները,նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը: Կենտրոնում հնարամտորեն օգտագործված է լուսամուտի բացվածքը, որի ապակու վրա, դրսից պայծառ լույսով ողողված, գրված է հայոց այբուբենը: Հվ. պատին կանգուն և ծնրադիր նետաձիգ զինվորներն են՝ Հայոց աշխարհի պահապանները, նրանց գլխավերևում՝ ուժի, հայրենիքի կենսունակության խորհրդանիշ թևատարած արծիվը: Հյուսիսային պատին պատկերված է Հայաստանի գարունը՝ ծաղկած ծառերով, զվարթ աղջիկներով: 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար