Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Հիմնադրվել է 4-րդ դարում, գլխավոր եկեղեցին՝ 906 թ.։ 8-րդ դարում կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի (Տաթեոս) անունով, որը քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել այնտեղ: Եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում)։ Եղել է նաև դպրության առաջնակարգ կենտրոն, 8-րդ դարի վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ 9-րդ դարի վերջին – 10-րդ դարի սկզբին և 17-18-րդ դարերում։ Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։ Տնտեսապես հզորանալով, Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թթ փորձել է անկախանալ։ Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների, Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրան։ 958թ. եպիսկոպոս ընտրված Վահանին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի եպիսկոպոսության իրավունքները և կալվածքները։ 11-րդ դարի 1-ին կեսին Տաթևում եղել են մոտ 1000 միաբան, մեծ թվով արհեստավորներ: 1044թ.  հարևան ամիրայությունների զորքերն ավերել են Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, գործատներն ու կից կառույցները, որոնք, սակայն, շուտով վերականգնվել են։ 1087թ. համալիրի հարավ-արևմտյան կողմում կառուցվել է Սբ.Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին։ 12-րդ դարում սելջուկյան թուրքերի արշավանքների և 1136թ. երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակների։ 1170թ. Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել ձեռագրերը (մոտ 10 հազար)։ Ստեփանոս Եպիսկոպոսի ջանքերով 12-րդ դարի վերջին վանքը նորոգվել է։ Մոնղոլական տիրապետության շրջանում Տաթևի վանքը ձեռք է բերել ապահարկության իրավունք, Օրբելյանների աջակցությամբ վերականգնել տնտեսական հզորությունը։ Տաթևի վանքն ավելի է հզորացել, երբ 1286թ. Օրբելյանները եպիսկոպոսության ղեկավարությունը վերցրել են իրենց ձեռքը (Սյունյաց մետրոպոլիտ է օծվել Ստեփանոս Օրբելյանը)։ Նրա ջանքերով նահանգի տարանջատված թեմերը կրկին միավորվել են Տաթևի գերիշխանության ներքո։ 13-րդ դարում վերջին Տաթևի վանքը դարձել է ունիթորության դեմ պայքարի կենտրոն։ 14-րդ դարում Տաթևի վանքը հայկական մշակույթի կենտրոններից էր։ Գործել են Տաթևի մանրանկարչության դպրոցը, մատենադարանը, համալսարանը։ Լենկթեմուրի 1381-87թթ Սյունիք կատարած արշավանքի ժամանակ Տաթևի վանքը կողոպտվել է և հրկիզվել, կորցրել կալվածների գգալի մասը։ Տաթևի վանքը նոր ծանր հարված է ստացել 1434թ.՝ Թեմուրյան գահակալ Շահռուխի արշավանքի ժամանակ։ Տաթևի Շմավոն եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվել է Լոռի և հաստատվել Սանահինի վանքում։ Տաթևի վանքը կրկին բարգավաճել է 17-րդ դարի 2-րդ կեսին 18-րդ դարի սկզբին։ Վանքին հարկատու են դարձել 14 գավառի 264 գյուղ։ Վերանորոգվել են գրեթե բոլոր շինությունները, կառուցվել նորերը։ 1796թ. վանքը ենթարկվել է Աղա Մահմեդ խանի պարսկական զորքերի ասպատակությանը և կողոպուտին։ 1837թ. վերացվել է Տաթևի մետրոպոլիտությունը։ Տաթևի պարսպապատ վանքային համալիրի կազմում են երեք եկեղեցի, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ։ Նրա տարածքից դուրս են ձիթհանը, աղբյուրը, դպրոցը և այլն։ Համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է։ Այն հիմնադրվել է 895թ. Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ, Սյունյաց գահերեց իշխան Աշոտի և իշխաններ Գրիգոր Սուփանի ու Ձագիկի նյութական օժանդակությամբ, շինարարությունն ավարտվել է 906թ. ։ Տաճարը ճարտարապետական հորինվածքով արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճ է, արևելքում աբսիդով և նրան հարող զույգ ավանդատներով։ Արևելյան ճակատը մասնատված է խոր խորշերով, որոնցից վերև տեղավորված են Աշոտ գահերեց իշխանի և նրա կնոջ՝ իշխանուհի Շուշանի դիմաքանդակները։ Նրանցից աջ և ձախ, խորշերի պսակների մեջ վիշապ օձերի, այլ ավանդական պահպանիչ էակների քանդակներ են։ Տաճարի պատերը 930թ. ծածկվել են հարուստ որմնանկարներով, որոնցից այժմ քիչ բան է պահպանվել։ Տաճարի գլխավոր աբսիդում պատկերված է եղել գահի վրա նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ և սրբեր։ Արևմտյան պատի վրա մնացել են ահեղ դատաստանի մեծ կոմպոզիցիայի մնացորդները, իսկ հյուսիսային պատին ծննդյան սյուժեի հետ առնչվող տեսարաններ։ Տաճարի հարավային պատին կից 1043թ. կառուցվել է կամարակապ սրահ (քանդվել է 1931թ. երկրաշարժից)։ 1295թ. երկրաշարժից կործանված Սբ.Գրիգոր եկեղեցու տեղում Սյունյաց նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը մի եկեղեցի է կառուցել, դարձյալ Սբ.Գրիգոր անվամբ (ենթադրվում է, որ ճարտարապետը Մոմիկն է)։ Ուշ միջնադարում մեծ տաճարի արևմտյան կողմում կառուցվել է գավիթ, տանիքի վրա՝ զանգակատուն։ Տաճարի հարավային մուտքի առջև 1787թ. կառուցվել է Գրիգոր Տաթևացու դամբարանը, իսկ 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին՝ տաճարի արևմտյան մուտքի առջև մի զանգակատուն։ Այս հիմնական կառույցներից զատ, բակի կենտրոնում, 10-րդ դարի սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին։ 14-րդ դարում հիմնական կառույցների հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերում կառուցվել են պարիսպները, բնակելի, օժանդակ և տնտեսական մի շարք շենքեր։ 18-րդ դարում շինարարական աշխատանքների արդյունք են առաջնորդարանը, վանականների խցերը, շտեմարանը, սեղանատունը, խոհանոցը, հացատունը, գինետունը և այլն։ 1970-ական թվականներից համալիրը վերականգնվում է։ Տաթևի վանքի պարսպից հյուսիս-արևելք կանգուն է վանքի ձիթհանը (կառուցել է Հովակիմ արքեպիսկոպոսը)։ Այն բաղկացած է չորս արտադրասենյակից, որոնց թվում են գմբեթածածկ կալատունն (բովման վառարանով) ու թաղածածկ մամլման բաժինը։ Տաթևի ձիթհանը Հայաստանի միջնադարյան նույնատիպ կառույցներից ամենալավ պահպանվածն է ու արժեքավորը։ Ձիթհանից արևելք, ձորալանջի եզրին, վանքի բաղնիքի (17-րդ դար), երեք մասից բաղկացած (քառակուսի հատակագծով հանդերձարան, լողասենյակ և ջեռուցման խուց) թաղածածկ շենքն է։ Տաթևի վանքից արևմուտք, Որոտանի վտակի վրա, դեպի Տանձատափ տանող ճանապարհին կանգուն է միաթռիչք (7,2մ), գլանաձև թաղով կամուրջը (ըստ արևմտյան ճակատի արձանագրության կառուցվել է 1672թ.)։ Գյուղի հարավային եզրին աղբյուրի շենքն է (կառուցել է Հովհաննես վարդապետը 1745թ.)։ Տաթևի վանքի արևելյան պարսպին գրեթե ուղղահայաց, դարպասի անկյունից դեպի արևելք ձգվում է վանքի դպրոցի բավական երկար (74,5մ) շենքը (կառուցել է վանահայր Աբրահամ Աստապատցին)։ Դպրոցը գործել է մինչև 20-րդ դարը, քանդվել է դարասկզբին (բացվել է պեղումներով, 1981-82թթ)։ Ընդհանուր պատ-պարսպին կից են դպրոցի ուղղանկյուն, թաղածածկ 16 դասասենյակները, որոնց դռները բացվել են դեպի ողջ երկարությամբ ձգվող փայտե պատշգամբը։ Տաթևի դպրոցն արժեքավոր է որպես Հայաստանի ուշ միջնադարի ուսումնական կառույցի մեզ հասած եզակի օրինակ, որը պատկերացում է տալիս այդ շրջանի վանական դպրոցների ճարտարապետության մասին։ Գյուղի կենտրոնական մասում կանգուն է Սբ.Մինաս եկեղեցին (ըստ հարավային մուտքի կիսաշրջանաձև կամարի արձանագրության կառուցել է Ներսես վարդապետը, 1646թ.)։ Հարդարանքում ուշագրավ է արևմտյան դռան ճոխ շքամուտքը։ Տաթևի վանքի դիմաց, դեպի հարավ, ձորի մյուս կողմում գտնվում է պատմական Տամալեք գյուղի Սբ.Աստվածածին եկեղեցին (կառուցել է վանահայր Հակոբ եպիսկոպոսը)։ Արևելյան պատի մոտ կանգուն է 13-րդ դարի խաչքար, Հովհաննես քահանայի արձանագրությամբ։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար