ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991թ. Երևանում, անվանի դերասան Սոս Սարգսյանի կողմից: Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը, Միքայել Պողոսյանը, Աննա Էլբակյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը և այլոք: 1-ին ներկայացումն է եղել Էդուարդո դե Ֆիլիպոյի ‹‹Սանիտայի թաղապետը» (1991, ռեժիսոր՝ Ս.Սարգսյան)։ Բեմադրություններից են նաև՝ Հ.Հակոբյանի ‹‹Լեռնային կակաչներ» (1993), Սայմոնի ‹‹Շիկացած սիրեկանն անկողնում» (1994), Մոլիերի ‹‹Տարտյուֆ» (1998, երեքն էլ՝ ռեժիսոր՝ Հ.Գասպարյան), ‹‹Մենք» (ըստ՝ Լեռ Կամսարի, 1993, ռեժիսոր՝ Ե.Ղազանչյան), Վ.Սարոյանի ‹‹Մի գավաթ բարություն» (1994), Շեքսպիրի ‹‹Լիր արքա» (1996, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Ս.Սարգսյան), Մրոժեկի ‹‹Բաց ծովում», Կ.Մանիեի ‹‹Օսկար» (երկուսն էլ՝ 1995, ռեժիսոր՝ Դ.Հակոբյան)։ Համազգային թատրոնը հյուրախաղերով ելույթ է ունեցել Սիրիայում, Լիբանանում (1994), Իրանում (1997)։ 2000 թվականին թատրոնում կատարվեց սերնդափոխություն, որը թատրոնին տվեց նոր շունչ: Սերնդափոխությանը նպաստեց նաև թատրոնի աշխարհագրական դիրքը՝ Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի շենքում գտնվելու հանգամանքը: Մեծ և հայտնի դերասաններին փոխարինեցին տաղանդավոր երիտասարդների մի խումբ, ովքեր այսօր արդեն ճանաչված և սիրված անուններ են՝ Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան, Արմինե Պողոսյան, Մխիթար Ավետիսյան, Կարեն Խաչատրյան, Տաթև Ղազարյան, Գագիկ Մադոյան, Արման Նավասարդյան և այլոք: Թատրոնի ստեղծագործական կազմին յուրահատուկ որակ են բերում ճանաչված կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և քանդակագործ, նկարիչ Դավիթ Մինասյանը: Ունենալով ակտիվ գործունեություն և ձեռք բերելով մեծ հեղինակություն 2003 թ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ կառավարությունը որոշում ընդունեց թատրոնին տալ պետական կարգավիճակ՝ վերանվանվելով այն Պետական Համազգային Թատրոն: 2009թ-ից թատրոնը տնօրինում է Վարդան Մկրտչյանը: Համազգային թատրոնը պարբերաբար հյուրախաղերով հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Թատրոնը նաև հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Իրանում, Լիբանանում և այլուր: Համազգային թատրոնն իր ուրույն տեղն ունի հայկական թատերական կյանքում: 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար