ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Հովհաննես Թումանյանի երևանյան թանգարանը ստեղծվել է 1953թ.: Դեռևս 1949թ. բանաստեղծի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, նրա հիշատակը հավերժացնելու, գրական և նյութական ժառանգությունը պահպանելու նպատակով, Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի ղեկավարությամբ, որոշում էր ընդունվել Երևանում թանգարան կառուցելու վերաբերյալ: Թանգարանի առաջին մասնաշենքի նախագծի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանն էր: Նա 1944թ. Թիֆլիսում չափագրել էր Թումանյանի տունը, էսքիզներ արել որոնց հիման վրա էլ կառուցվել է թանգարանի երկրորդ հարկը: Այնուհետև կազմակերպվել է թիֆլիսյան բնակարանի գույքի, անձնական գրադարանի, փաստաթղթերի տեղափոխման աշխատանքները և դրանով ամբողջական դարձել թանգարանի ներքին հարդարանքը: Թանգարանի 2-րդ հարկի առանձին սրահում ներկայացված է Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ մոտ 8000 հատորով: 1953-66թթ թանգարանի տնօրենն է եղել Աշխեն Թումանյանը, նրանից հետո շուրջ 23 տարի այդ նույն պաշտոնն էր զբաղեցնում նրա կրտսեր քույրը՝ Թամարա Թումանյանը: Նրա ջանքերով էլ կառուցվել է թանգարանի երկրորդ մասնաշենքը, որի ճարտարապետն էր Արա Աղաբաբյանը: Մեծ տպավորություն է թողնում  Թիֆլիսի ‹‹Վերնատան›› կրկնօրինակը, Դսեղի հայրական տան մակետը: Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև ‹‹Լոռվա ձորը›› համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է ‹‹Անուշ›› օպերայի հնչյուններով: Երկրորդ հարկի 5 սենյակներում վերստեղծված է թիֆլիսյան այն բնակարանը, որտեղ բանաստեղծն ապրել է իր կյանքի վերջին 14 տարիները: Թումանյանի թանգարանը միաժամանակ գիտահետազոտական կենտրոն է: Այստեղ ստեղծվել են գրողի փաստաթղթերի և ձեռագրապատճենների արխիվներ, նրա հայերեն և ավելի քան 50 լեզուներով թարգմանված երկերի առանձին հրատարակությունների ֆոնդ և այլ հավաքածուներ: Թանգարանի ֆոնդերում պահվում է շուրջ 18 հազար ցուցանմուշ: Երևանի կենտրոնում, բարձունքին գտնվող  այս թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան. սա մեծ հայի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար