ԲԱՔՎԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Ադրբեջանական Հանրապետության տարածքում գտնվող Բաքու քաղաքում: Եկեղեցու կառուցման նախաձեռնությունը պատկանում է Շամախու հայոց թեմի առաջնորդ Դանիել վարդապետ Շահնազարյանցին (1863-68թթ): Ստանալով շինարարական աշխատանքներ սկսելու՝ Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի (1858-65թթ) թույլտվությունը՝ թեմակալը 1863թ. հունիսին օրհնում է եկեղեցու հիմքը: Նոր եկեղեցին կառուցվում բաքվեցի բարերար Ջավադ Մելիքյանցի տրամադրած ֆինանսական միջոցներով, Սբ. Աստվածածի եկեղեցու հասույթներով և թեմի հայության հանգանակած գումարներով: Եկեղեցու կառուցման աշխատանքներն ավարտվել են Շամախու հայոց թեմի առաջնորդ Անդրեաս արեպիսկոպոս Անդրեասյանի (1869-74թթ) օրոք, իսկ օծումը տեղի է ունեցել 1869թ. մայիսի 4-ին: Եկեղեցին հորինվածքով եռանավ է, ունի կենտրոնագմբեթ դահլիճ, ութանիստ թմբուկ և սրածայր վեղար, արևմտյան կողմից ունեցել է եռահարկ զանգակատուն: Կառուցված է սրբատաշ քարից, հյուսիսային և հարավային մուտքերը երկու կողմից երիզել են բարձրադիր զույգ խաչքարերը: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Բաքվի հայերի համար համարվում էր ազգային այն կառույցը, որի շուրջը հիմնականում կենտրոնանում էին բարեգործական և կրթամշակութային օջախները: Թեմի առաջնորդ Դանիել արքեպիսկոպոս Շահնազարյանցի օրոք (1863-68թթ), Բաքվի հայերի հանգանակած միջոցներով եկեղեցուն կից 1866թ. հիմնվել է Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան իգական դպրոցը: Եկեղեցին ամբողջապես կողոպտվել է 1918թ. սեպտեմբերի 15-ին՝ թուրքական զորքի կողմից Բաքուն գրավելուց հետո: 1988-90թթ Ադրբեջանում սկիզբ առած հայահալած քաղաքականության պայմաններում, 1989թ. դեկտեմբերի 25-ին ադրբեջանցիները հրդեհել են եկեղեցին, որի հետևանքով այրվել են մեծ քանակությամբ եկեղեցական արժեքավոր գրքեր, սրբապատկերներ և կրոնական ամբողջ գույքը: Այնուհետև Ադրբեջանի իշխանություննները շենքն օգտագործել են այլ նպատակներով: Նախապես այն տրամադրվել է գիտաարտադրական վարչության շինարարական կազմակերպությանը, հետագայում օգտագործվել է որպես գրքերի պահեստ: Այժմ եկեղեցին գտնվում է անշուք վիճակում գմբեթից և զանգակատնից բացակայում են խաչերը, փայտյա զարդաքանդակ դռները փոխարինված են երկաթյա կոնստրուկցիաներով, երկու պատուհանները փակվել էին պատով, քերված են հյուսիսային և հարավային մուտքերի երկու կողմից երիզվող զույգ խաչքարերը, իսկ հայկական արձանագրությունները ջնջված են: 2010թ. ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Բաքվում ԱՊՀ և Բալթյան երկրների հոգևոր առաջնորդների գագաթաժողովի շրջանականերում այցելեց եկեղեցի, որտեղ  տասնամյակներ անց կրկին հնչեցին հայերեն լեզվով աղոթքներ և երգեցողություն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար