ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-36թթ. նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856թ. հատակագիծը։ Կառուցապատվել է 1926-58թթ, 1940-90թթ կոչվում էր Լենինի հրապարակ, իսկ հարավային մասում կանգնեցված էր Լենինի արձանը (քանդակագործ` Ս. Մերկուրով, ճարտարապետներ` Ն. Փարեմուզովա, Լ. Վարդանով), որն ապամոնտաժվել է Սովետական Միության փլուզումից հետո։ Հանրապետության հրապարակը քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցն է, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Հանրապետության հրապարակի հատակագծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հա)՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ 1971թ. Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։ Հանրապետության հրապարակն իր մեջ է ներառում վարչական շենքեր՝ Կառավարության շենքը (ճարտարապետ՝ Ա. Թամանյան, որի համար 1942թ. հետմահու ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ, իսկ նիստերի դահլիճի նախագիծը և շինության ավարտի ղեկավարումը՝ Գ. Թամանյան), Կառավարության 2-րդ շենքը (ճարտարապետներ՝ Ս.Սաֆարյան, Վ.Արևշատյան, նախագծման սկզբնական փուլում նաև՝ Ռ.Իսրայելյան), Արհեստակցական միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը (երեքն էլ՝ ճարտարապետներ՝ Մ․Գրիգորյան, Է․Սարապյան, վերջինը՝ Ս.Ղազարյանի մասնակցությամբ): Հրապարակի մյուս յուրօրինակ շինություններից է Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքը:  Շենքի ճակատային մասն ու սյունաշարը աչքի են ընկնում իրենց համաչափությամբ։ Առաջին հարկը կառուցվել է Թամանյանի նախագծով, այնտեղ գործում է Հայաստանի պատմության թանգարանը: Շենքի ձախ թևում «Առնո Բաբաջանյան» համերգասրահն է. սկզբնական տեսքով պահպանվել է միայն Աբովյանի փողոցի ճակատը։ Շենքի հետևից Չարենցի անվան գրականության ու արվեստի, նկարիչ Մարկոս Գրիգորյանի և Միջին Արևելքի թանգարանների մուտքն է։ Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր երգող շատրվաններով (հեղ.՝ Ռ.Միրզոյան)։ Շատրվանները վերանորոգվել են 2007-ին և համալրվել արդիական համակարգչային կառավարմամբ լուսաձայնային էֆեկտներով. շատրվաններն ասես «պարում են» երաժշտական նվագակցությամբ, փոխվում են նաև գույները, իսկ ջրի շիթերից ստեղծված էկրանին հայտնվում են հոլոգրաֆիկ պատկերներ` ստեղծելով հիրավի զարմանահրաշ տեսարան։ Բոլոր շենքերը կառուցված են և երեսպատված սպիտակ և վարդագույն երանգների ֆելզիտային տուֆով։ Հանրապետության հրապարակը հայ ճարտարապետության գլուխգործոցներից է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար