ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կոմպոզիտոր, երաժիշտ

Ծնվել է 1960թ. ապրիլի 19-ին, Երևանում: Երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է: Ավարտել է Երևանի թիվ 31 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1970-80թթ սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-87թթ` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում: 1987-89թթ նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը: 1992-99թթ աշխատել Հայաստանի Ազգային հեռուստատեսությունում` որպես «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավար: 1983թ-ից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում: 1995թ. թողարկել է «Օվկիանոսից այն կողմ», 1997թ.` «Նոստալջի», 1999թ.` «Անի», 2001թ.` «Խոր Վիրապ» ձայներիզները, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների: 2001թ. հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում` Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ: 2002թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2004թ.` ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: 2005թ., Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում` տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ: Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում: 2005թ. հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ: Պարգևատրվել է ՌԴ «Միխայիլ Լոմոնոսով» պատվո շքանշանով: Մասնակցել է բազմաթիվ պետական միջոցառումների և արժանացել պարգևների` Երևանի քաղաքապետի, Մոսկվայում «Կարոտ» փառատոնի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալների: Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար` պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով: Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն` «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների` «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար: Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ: 2009թ. ԱՄՆ-ում թողարկել է «Վաղարշապատ» ձայնասկավառակը, որը արժանացել է մրցանակի: Նույն թվականին «Համերաշխություն» շարժման կողմից ճանաչվել է «Տարվա ամենահամերաշխ մարդ» և արժանացել շքանշանի: Ունի խաղալիքների մեծ հավաքածու:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար