ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

Օպերային երգչուհի, սոպրանո

Ծնվել է 1961թ. սեպտեմբերի 2-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` նախ որպես ջութակահար, ապա` որպես երգչուհի: Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, հրավիրվել է Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ` որպես մեներգչուհի: Այդ ժամանակից ի վեր ելույթներ է ունեցել բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերա և «Կարնեգի Հոլլ», Սան Ֆրանցիսկոյի օպերա, Վաշինգթոնի Ազգային օպերա, Միլանի «Լա Սկալա», Փարիզի «Բաստիլ» օպերա, Բարսելոնի «Լիսեու» մեծ թատրոն, Մադրիդի թագավորական թատրոն, Լոնդոնի «Վիգմոր Հոլլ», Վիեննայի պետական օպերա, Ամստերդամի «Նիդեռլանդական» օպերա, Ցյուրիխի օպերա, Սանկտ Պետերբուրգի «Մարինինյան» թատրոն, ինչպես նաև Մյունխենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաներ: Երգում է Մոցարտի, Ռոսսինիի, Հալևիի, Բիզեի, Պուչինիի, Չայկովսկու, Վագների, Վերդիի ստեղծագործություններից: Մասնակցել է բազմաթիվ աշխարհահռչակ օպերային փառատոների: Կատարումներ է ունեցել շատ նշանավոր դիրիժորների հետ: Իր մենահամերգների ժամանակ ակտիվորեն ներկայացրել է նաև հայ կոմպոզիտորների երաժշտությունը` Կոմիտաս, Չուխաճյան, Տիգրանյան, Տերտերյան, Մանսուրյան և այլն: 2004թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 2005թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով` որպես «Ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան»: 2006թ. թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով` այդ թվում նաև գերմանական պոեզիայով գրված ինը երգերը, որոնք ընդհանրապես կատարվել են առաջին անգամ: Բնակվում է Վիեննայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար