
Խաչատուր Լազարյան
Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան
Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Արմենուհի Թերզյան
Բանաստեղծ

Վարազդատ Արևշատյան
Ճարտարապետ

Լուսինե Զաքարյան
Երգչուհի

Հմայակ Դուրգարյան
Ջութակահար

Նորայր Կարգանյան
Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան
Ճարտարապետ

Աշոտ Բաբայան
Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան
Քանդակագործ

Վարդան Օնանյան
Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան
Ջութակահար

Արտաշես Սարգսյան
Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան
Պետական գործիչ, լրագրող

Ֆրունզե Գևորգյան
Բեմադրիչ

Տիգրան Քախվեջյան
Երգիչ
ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

15 հուլիս, 1872 - 8 հունիս, 1954
Ծնվել է Կոստանդնուպոլիսում: Սովորել է տեղի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում, աշակերտելով ժամանակի մի շարք ականավոր գրական գործիչների: Ստեղծագործել է վաղ տարիքից, ինքնուրույն և թարգմանական գործերով աշխատակցել «Բուրաստան մանկանց», «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին: 1895թ. խմբագրել է «Ծաղիկ» երկշաբաթաթերթը: Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` նույն թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1898-1911թթ և 1929-49թթ հրատարակել է «Անահիտ» գրական-գեղարվեստական հանդեսը: 1917-19թթ մասնակցել է «Վերածնունդ», 1921-24թթ՝ «Ապագա» թերթերի խմբագրմանը: Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Արշալույսի ձայներ» (1891թ.), «Թրթռումներ» (1892թ.), «Քերթվածներ» (1908թ.) գրքերում, որոնք բնորոշվում են ռոմանտիկական պոեզիայի միակողմանիությունը հաղթահարելու և իրականության կենդանի գծերն արտահայտելու ձգտումով: Լույս են տեսել նաև «Թուղթի փառք» (1892թ.) հոգեբանական վիպակը, «Տղու հոգիներ» (1923թ.) պատմվածքների և պատկերների ժողովածուն, «Մութ խավեր» (1893թ.), «Հրաշքը» (1923թ.) դրամաները և այլ երկեր։ Հայ գրականության մեջ առանձնակի նշանակություն ունի նրա քննադատական և գիտական-բանասիրական գործունեությունը։ Լինելով մշակութապատմական դպրոցի սկզբունքների հետևորդ՝ նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Հրատարակել է միջնադարյան և նոր շրջանի գրական հուշարձաններ՝ Նահապետ Քուչակին վերագրվող քառյակների և ընդհանրապես միջնադարյան հայրենների ժողովածուները («Նահապետ Քուչակի դիվանը», 1902թ., «Հայրեններու բուրաստանը», 1940թ.), «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» (1910թ.), «Հայ էջեր» (1912թ.) գրքերը և այլն: Կազմել և լույս է ընծայել Պետրոս Դուրյանի (1894թ.) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (1907թ.) երկերը, որոնց նվիրել է ծավալուն ուսումնասիրություններ: Առաջինն է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը վերլուծել` որպես գեղարվեստական ստեղծագործություն, կրոնամիստիկական շղարշի տակ տեսել արտահայտված կենսական գծերն ու մարդասիրական էությունը, Նարեկացուն դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին: Քննադատի նախասիրած ձևը եղել է էսսե-դիմանկարի ժանրը, որի սեղմ շրջանակներում տվել է գրողի ընդհանրացված, խոր և դիպուկ բնութագիրը, բացահայտել նրա ստեղծագործական մտածողության, մեթոդի և ոճի էական գծերը: Այդպիսի աշխատություններ նվիրել է Խաչատուր Աբովյանին, Ղևոնդ Ալիշանին, Հակոբ Պարոնյանին, Գաբրիել Սունդուկյանին, Րաֆֆուն, Ալեքսանդր Շիրվանզադեին, Համաստեղին, Պերճ Պռոշյանին և ուրիշներին, որոնց զգալի մասն ամփոփված են «Դեմքեր» (2 հատոր, 1924-29թթ) ժողովածուի մեջ: Արձագանքել է գրական նոր երևույթներին, հաճախ առաջինն է տվել դրանց հեղինակների (Վահան Թեքեյան, Սիամանթո, Դանիել Վարուժան, Մատթեոս Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնության բնութագիրը։ 1924թ. Եղիշե Չարենցին անվանել է «Հայ մեծագույն բանաստեղծներեն մին» և «Հայ հանճարի նոր հաստատումը» («Ապագա», 1924թ.)։ Հոդվածներ է գրել նաև եվրոպացի (Վ.Հյուգո, Օ.Բալզակ, Է.Զոլա, Հ.Իբսեն, Է.Վերհառն) և ռուս (Ա.Պուշկին, Ն.Գոգոլ, Լ.Տոլստոյ, Ի.Տուրգենև) գրողների մասին: Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում տարածելու և Հայ դատը պաշտպանելու համար: Անձնական և նամակագրական կապեր է ունեցել ժամանակի եվրոպացի գրողների ու հասարակական գործիչների հետ: Ֆրանսերեն թարգմանել և հրատարակել է հին ու նոր շրջանի հայ բանաստեղծների բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ամփոփել է «Վարդենիք Հայաստանի» (3 հատոր, 1918-29թթ) ժողովածուի մեջ: Մահացել է Փարիզում: