ԱՆԱՀԻՏ ԹԱՐՅԱՆ

Բանաստեղծ, լրագրող

Անահիտ Մխիթարյան

Ծնվել է 1952թ. փետրվարի 9-ին, Երևանում։ Բանաստեղծ, արձակագիր Մնացական Թարյանի դուստրն է։ 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1976-85թթ աշխատել է «Հրազդան», «Երեկոյան Երևան», «Պիոներ» պարբերականների խմբագրություններում, 1985-91թթ՝ Հրատպետկոմում, 1992թ-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմում։ Նրա ստեղծագործությունները՝ գրված թե՛ մեծերի և թե՛ մանուկների համար, տպագրվել են մամուլում, գրական տարեգրքերում, ալմանախներում, հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Կատարել է նաև գեղարվեստական թարգմանություններ: 1980թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության, 1997թ-ից Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության, 1999թ-ից Արցախի, 2002թ-ից Հայաստանի գրողների միությունների անդամ է։ Հրատարակվել են նրա «Ես, դու և աշխարհը» (1984թ.), «Բախտախաղ» (1989թ.), «Երկնքի տատիկը» (մանկական, 1986թ.), «Ամաչկոտ շնիկը» (մանկական, 1997թ.), «Իմ լավ դպրոց» (մանկական, 2001թ.), «Հավատո հանգանակ» (2003թ.), «Սիրում եմ քեզ, մանկապարտեզ (մանկական, 2004թ.), «Հեքիաթ իսկական Կարուչկարի մասին» (մանկական, 2007թ.), «Հրեշն ու էշը» (բանաստեղծություններ, չափածո հեքիաթներ, 2012թ.), «Արևային աստղաթափ» (2012թ.), «Հարյուր ճերմակ վարդ՝ սիրո և հիշատակի խոնարհումով» (2015թ.), «Ես քո զինվորն եմ, Հայաստաˊն» (2017թ.) գրքերը: Թարգմանություններ է կատարել ռուսերենից և անգլերենից՝ «Խաղաղ Դոնի բանաստեղծներ» (համահեղինակ, 1983թ.), Մահթումկուլի-Ֆրագի «Հատընտիր» (համահեղինակ, 1983թ.), Ա.Պուշկինի «Ընտիր երկեր» (համահեղինակ, 1985թ.), Շ.Նիշնիանիձե «Դիմակների մնջախաղ» (համահեղինակ, 1987թ.), Պեյո Յավորովի «Ամպհովանու հետքերով» (համահեղինակ, 1992թ.)Լաֆոնտենի «Առակներ» (2017թ.) և այլն: 2017թ. արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակի՝ «Գիտնական իշուկը» ժողովածուի համար: