ԱՐԱՐԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է 1947թ. փետրվարի 26-ին, Հայաստանի Ապագա գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում): 1966թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1966-71թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1971թ-ից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ Ավարտելով ինստիտուտի ասպիրանտուրան՝ 1980թ. պաշտպանել է Կարսի մարզի գյուղացիության պատմությանը նվիրված թեկնածուական ատենախոսություն։ 1982թ-ից դասախոսական աշխատանքի է անցել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1998թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918-1920)» թեմայով (2000թ-ից՝ պրոֆեսոր)։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի անդամ է։ Իր մասնակցությունն է բերել «Հայոց պատմություն» բազմահատորյակի հեղինակային և խմբագրական աշխատանքներին: Գիտահետազոտական աշխատանքներին զուգահեռ զբաղվել է նաև դասախոսական և ուսումնամեթոդական աշխատանքներով: 2005թ-ից գլխավորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի պատմության և քաղաքագիտության ամբիոնի աշխատանքները: Համահեղինակել է 8-րդ և 9-րդ դասարանների «Հայոց պատմություն» դպրոցական դասագրքերը: Հեղինակել է ավելի քան 10 մենագրություն, 70-ից ավելի գիտական հոդվածներ ու գրքույկներ, 100-ից ավելի հրապարակախոսական, քաղաքական և այլ բնույթի հրապարակումներ։ Հրատարակվել են նրա «ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը» (1994թ.), «Կարսի մարզ։ Գյուղացիության պատմության ուրվագծեր (1878-1917 թթ.)» (2000թ.), «Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918-1920 թթ.)» (2005թ.), «Հայաստանի հանրապետության պարբերական մամուլի պատմություն (1918-1920 թթ.)» (2005թ.), «Հայաստանի հանրապետություն (1918-1920 թթ.)» (2005թ.), «Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում» (2010թ.), «Միակուսակցական վարչակարգի ձևավորումը Խորհրդային Հայաստանում (1920-ական թվականներ)» (2016թ.) և այլ աշխատություններ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար