ԼԵՎՈՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Բժիշկ, թարգմանիչ, բառարանագիր

19 նոյեմբեր, 1842 - 16 փետրվար, 1906

Ծնվել է Երևանում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Ուսումը շարունակել է Թիֆլիսում, 1859թ-ից՝ Պետերբուրգում (Կ.Եզյանի մասնավոր պանսիոնում, ապա՝ բժշկավիրաբուժական ակադեմիայում)։ 1875թ. ավարտել է Դորպատի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1877-78թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է Կովկասյան ռազմաճակատ, պայքարել ռուսական բանակում տարածված բծավոր տիֆի համաճարակի դեմ, եղել Էրզրումի նահանգական բժիշկը։ 1879թ. զորացրվել է և նշանակվել Երևանի քաղաքային բժիշկ, 1880թ.՝ «Առողջապահական մշտական հանձնաժողովի» նախագահ, զբաղվել քաղաքի սանիտար հիգենային վիճակի բարելավմամբ։ 1881-84թթ Երևանում հրատարակել է «Առողջապահական թերթ» միամսյա հանդեսը։ Նրա ջանքերով Երևան է հասցվել Բաշ Ապարանի 40 աղբյուրների ջուրը, բացվել է հիվանդանոց (1890թ.)։ Մասնակցել է հայ ազգային-ազատագրական շարժմանը, եղել 1881թ. Երևանում ստեղծված «Հայասեր-ազգասեր» կազմակերպության հիմնադիրներից, որի հիմնական նպատակն էր Հայաստանի երկու հատվածներում կազմակերպել միաժամանակյա ապստամբություն և այդ միջոցով ստեղծել անկախ Հայաստան։ Կապեր է հաստատել Կարինի «Պաշտպան հայրենյաց», Մոսկվայի և Թիֆլիսի ազատագրական գաղտնի կազմակերպությունների, ինչպես նաև Կ.Պոլսի, Վանի և Արևմտյան Հայաստանի այլ քաղաքների հայրենասերների հետ։ 1881թ. գործուղվել է Իրան՝ պայքարելու ժանտախտի համաճարակի դեմ և, օգտվելով առիթից, Սալմաստով անցել Վան, տեղի ռուսական փոխհյուպատոս Կամսարականի հետ բանակցել հայ ազատագրական շարժման խնդիրների շուրջ։ Գլխավորելով Կովկասի հայոց բարեգործական ընկերության Երևանի մասնաճյուղը՝ կազմակերպել է հանգանակություններ, զանազան միջոցառումներ, որոնց հասույթը հատկացրել է զենք գնելուն և այն Արևմտյան Հայաստան տեղափոխելուն։ Ցարական իշխանությունը ազգային-ազատագրական գործունեության մեղադրանքով 1883թ, նրան երեք տարով աքսորել է Դորպատ, որտեղից նա անցել է Գերմանիա և Ֆրանսիա, որոշ ժամանակ զբաղվել բժշկությամբ։ Հայրենիք վերադառնալուց հետո՝ 1894թ. ընտրվել է Երևանի քաղաքագլուխ, սակայն չհաշտվելով ցարական իշխանությունների կամայականությունների հետ, 8 ամիս անց հրաժարվել է այդ պաշտոնից։ Հայ բժշկագիտության պատմության մեջ առաջին անգամ առաջադրել է կանխարգելիչ բժշկության գաղափարը, ժողովրդի առողջապահության խնդիրը շաղկապել սոցիալ-տնտեսական անհրաժեշտ նախադրյալների հետ։ Նրա ջանքերով Երևանի դպրոցներում մտցվել է ֆիզկուլտուրայի դասավանդում։ Նրա «Մարդակազմություն» (1881թ.) ձեռնարկը երկար ժամանակ օգտագործվել է Երևանի դպրոցներում։ Մանկավարժության հարցերին է նվիրված «Մանկական պարտեզ...» (1897թ.) աշխատությունը։ Կազմել է հայ բժշկական բառարաններ, թարգմանել և հրատարակել է մի շարք բառարաններ։ Նրա 1898թ. գրված հուշերը («Իմ հիշատակարանը», անտիպ) արժեքավոր նյութեր են պարունակում 19-րդ դարի վերջին քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման, ժամանակաշրջանի այլ իրադարձությունների, նշանավոր հասարակական քաղաքական գործիչների (Միքայել Նալբանդյան, Կարապետ Եզյան, Մ.Սանասարյան, Միքայել Լոռիս-Մելիքով, Կ.Կամսարական) վերաբերյալ։ Կազմել է «Մարմնակազմական կամ անատոմիական բառարան լատիներենից և ռուսերենից հայերեն» (1879թ.), «Բառարան բժշկական բույսերի, լատիներենից հայերեն և ռուսերեն» (1883թ.) բառարանները: Թարգմանել է Հյուգո Պոլի «Բժշկարանը» (1892թ.) բառարանը: Թարգմանել է Գյոթեի «Հերման և Դորոթեա» (1895թ.), «Ֆաուստ» (1899թ.), «Տորկվատո Տասսո» (1901թ.), Ն.Գոգոլի «Վերաքննիչ» (1905թ.) գրքերը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար