ՏԻԳՐԱՆ ՓԵՇՏԻՄԱԼՃՅԱՆ

Բժիշկ, հրապարակախոս

9 փետրվար, 1837 - 3 դեկտեմբեր, 1894

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Խասգյուղի Սբ. Ներսեսյան վարժարանում։ 1851-54թթ ուսանել է Փարիզի Մուրատյան վարժարանում, որի տեսուչն էր Գաբրիել Այվազովսկին։ 1854-58թթ ուսանել է Փարիզի Սբ. Լուդովիկոսի Լուի լը Գրան լիցեյում և գիտությունների «բաշըլիեի» («պսակավոր») աստիճան ստացել։ 1861-67թթ սովորել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1867թ. հուլիսի 17-ին, ներկայացնելով «Մանկանց առողջությունը» թեմայով ավարտաճառը, բժշկության դոկտորի վկայագիր է ստացել։ 1861թ. Փարիզում ծանոթացել է Միքայել Նալբանդյանի հետ և նրա ընկերն ու համախոհը դարձել։ 1869թ. վերադարձել է Կ.Պոլիս և, բժշկությամբ աշխատելով՝ շատ շուտով մեծ համբավ է ձեռք բերել։ 1869թ. դարձել է Կ.Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական ընկերության անդամ, 1877-78թթ եղել ընկերության ատենապետը։ 1872թ. ընտրվել է Կ.Պոլսի Ազգային կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամ։ 1877թ. մի քանի համախոհ հայ բժիշկների հետ հիմնել է Օսմանյան կայսրության «Կարմիր մահիկի» բարեսիրական կազմակերպությունը, ինչը հանդիսանում է նրա կարևոր գործերից մեկը։ Նրա առաջարկով է ընդունվել «Մահիկի» խորհրդանշանը։ Եղել է Ֆրանսիայի առողջաբանական ընկերության անդամ։ 1880-82թթ կարևոր պաշտոններ է վարել Կ.Պոլսի Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում, մեծ եռանդով մասնակցել հիվանդանոցի բարելավման ծրագրերի իրականացմանը։ 1880-ական թվականներին եղել է Կ.Պոլսի «Միացյալ ընկերություն հայոց» բարեգործական կազմակերպության գործադիր մարմնի նախագահը։ 1884թ. սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ-ը նրան կայսերական պալատի խորհրդատու բժիշկ է նշանակել, իսկ 1892թ. փաշայության տիտղոս է շնորհել։ Ուսանողական տարիներից աշխատակցել է արևմտյան և արևելյան պարբերականներին, թուրքահայ ու ռուսահայ թերթերին, մասնավորաբար՝ Ստեփան Ոսկանյանի «Արևելք» բժշկական թերթին։ «Մասիս» և «Փարոս Հայաստանի» պարբերականներում Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տնտեսական զարգացման, մասնավորաբար՝ երկրագործության առաջընթացի ծրագրեր է հրապարակել։ Հեղինակել է բազմաթիվ բժշկագիտական հոդվածներ և 2 ստվարածավալ գիրք։ Թողել է Հայկական հարցին, «Սովելոց կեդրոնական հանձնաժողովի» գործունեությանը, 1880-ական թվականներին Արևմտյան Հայաստանում բացված դպրոցների պատմությանը նվիրված անտիպ աշխատություններ։ Եղել է Կ.Պոլսի հայ և օտար հասարակության ու բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում սիրված ու հարգված անձնավորություն, հանրային ու ազգային գործիչ։ Մահացել է Կոստանդնուպոլսում։ Ենթադրվում է, որ դարձել է սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ-ի բազում հայ զոհերից մեկը։