ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԻՆԴԼՅԱՆ

Հրատարակիչ, կրթական գործիչ

12 հուլիս, 1866 - 16 մարտ, 1950

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է ծննդավայրի Ներսեսյան-Երմոնյան և Պերպերյան վարժարաններում: Աշխատել է Պեշիկթաշի Մաքրուհյան, Սբ. Խաչ վարժարաններում, դասավանդել հայերեն, անգլերեն, թվաբանություն, աշխարհագրություն, տոմարակալություն: Եղել է Մաքրուհյան, Թարգմանչաց (Օրթա գյուղ), Բերայի թաղային, Ազգային կեդրոնական վարժարանների տնօրենը: Ընտրվել է ուսումնական խորհրդի անդամ և ազգային երեսփոխան, Առաջադիմական միության նախագահ: 1909թ., Գ.Մալաթյանի հետ Կ.Պոլսում հիմնել է «Նոր դպրոցը»: Ուսումնասիրել է մանկավարժության պատմության ու տեսության հարցերը: Ըստ նրա, դաստիարակության նպատակն ու խնդիրը, ինչպես և ուսուցման մեթոդները փոփոխվում են՝ «Ժամանակին, տեղին և միջավայրին համեմատ»: Այս առումով մերժել է ինչպես ժառանգականության տեսության գերագնահատումը, այնպես էլ Ջոն Լոկի՝ երեխայի հոգու «մաքուր տախտակ» լինելու տեսությունը: Գտնում էր, որ բնական նախադրյալների զարգացումը պայմանավորված է կյանքի պայմաններով: Բարձր է գնահատել ռուս և օտար մանկավարժների փորձը և առաջադիմական գաղափարները: Հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները՝ անհրաժեշտ է համարել ֆիզիկական, մտավոր ու բարոյական դաստիարակությունը, կարևորել է մայրենի լեզվի և գրականության ուսուցումը: Ուսուցման մեջ պաշտպանել է դիդակտիկայի առաջավոր սկզբունքները, մեծ տեղ հատկացրել աշխատանքային դաստիարակության, համատեղ ուսուցման հարցերին: Նրա գրչին են պատկանում «Փունջ մանկավարժական բանախոսությանց» հրապարակային դասախոսությունների շարքը (1901թ.), «Ուսուցանելու մեթոդ» կամ «Մեթոդ դիրեկտիվ» (3 մասից, 1908թ.), «Հոգի մը կազմելու համար» (1912թ.), «Անկեղծ էջեր» (4 հատոր, 1913-22թթ, մամուլում տպագրված նրա հոդվածներն ու աշխատությունները), «Դաստիարակին անբաժանելի ընկերը» (1925թ.), «Քսան և հինգ տարվա կյանք մը» (1934թ.), «Ծնողքներուն» վերնագրով 3 գրքույկ (1957-59թթ), ֆրանսերեն լեզվի մի շարք դասագրքեր և այլն: Գրել է նաև մանկապատանեկան գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք հրատարակվել են 6 գրքով (1949-62թթ), դրանցից առաջինը «Տիտանիկի փոքր նավաբեկները» (1949թ.) գիրքն է: Կատարել է նաև թարգմանություններ: Աշխատակցել է «Ճակատամարտ» (1918-24թթ, Կ.Պոլիս), «Հայ պատանի» (1920-22թթ, Կ.Պոլիս), «Հայաստանի կոչնակ» (1920-68թթ, Նյու Յորք) և այլ պարբերականների: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար