ԳՐԻԳՈՐ ԽԼԱԹԵՑԻ

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

9 օգոստոս, 1349 - 27 մայիս, 1425

Ծերենց Բզնունեցի

Ծնվել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Խլաթ (այժմ՝ Ախլաթ, Թուրքիա) գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Խլաթում։ 1361-67թթ սովորել է Ցիպնավանքի Վարդան Ճգնավորի դպրոցում, հմտացել գրչության արվեստում։ 1367-77թթ զբաղվել է քարոզչությամբ։ 1378-86թթ Որոտնավանքի (Սյունիք) Ապրակունյաց դպրոցում Գրիգոր Տաթևացու հետ աշակերտել է Հովհան Որոտնեցուն, 1386-88թթ Խառաբաստավանքի դպրոցում՝ Սարգիս Վարդապետ Ապրակունեցուն։ 1388թ-ից դասավանդել է նույն դպրոցում, այնուհետև մեկնել է Սալնապատ, որտեղ 1406թ-ից որպես րաբունապետ հաջորդել է մեծ ճգնավոր Վարդան վարդապետ Հոգոցեցուն։ Հետևելով Գրիգոր Տաթևացուն՝ 1408թ. տեղափոխվել է Մեծոփավանք (1410թ-ից՝ րաբունապետ)։ Կարճ ժամանակ անց առանձնացել է Ցիպնավանքում, հիմնել իր դպրոցը, շարունակել գիտամանկավարժական, գրչական գործունեությունը։ Նրա աշակերտներից են Հովհաննեսը, Կարապետը, Թովման, Ստեփանոսը, Առաքել Բաղիշեցին։ Վերջինս ուսուցչի մահից հետո տաղ է ձոնել նրան։ 70 տարեկան հասակում ուխտի է գնացել Երուսաղեմ։ 1391թ. ընդօրինակել է Ոսկեփորիկ գիրքը: Արտագրել է ձեռագրեր, գրել և խմբագրել ժողովածուներ, շարադրել պատմական երկեր, վարքեր, մեկնություններ։ Նրա երկերի թվին են պատկանում նաև իր ընդօրինակած ձեռագրերի արձակ և չափածո հիշատակարանները։ Դրանցից նշանավոր է 1422թ. գրված «Գանձարան»-ի չափածո հիշատակարանը, որն ընդգրկում է Լենկթեմուրի արշավանքները և հասնում մինչև 1422թ. դեպքերը։ Նա միջնադարում ամենից շատ հիշվել և գնահատվել է «Հայսմաւուրք»–ի խմբագրման համար, որտեղ ոչ միայն հայ ժողովրդի կյանքին վերպբերող նյութեր է մուծել «շատ պատմագրքերից», այլև նոր վկաների մասին ինքն է գրել և ավելացրել, հարստացրել գիրքը։ Բացի այդ, պատվիրել է հետագա ընդօրինակողներին, որ արտագրելիս ավելացնեն իրենց ժամանակի հայտնի վկաների մասին վարքերը։ Նրա շնորհիվ «Հասմաւուրք»-ը մասամբ վեր է ածվել հայ ժողովրդի պատմությաև սկզբնաղբյուրի։ 1399-1401թթ խմբագրել է «Գանձարան»-ը։ 1404-06թթ արտագրել և խմբագրել է «Ճառընտիր», որն այժմ պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում երկու հատորով։ Եղել է հայ գրչության արվեստի աչքի ընկնող մշակներից։ Թովմա Մեծոփեցու վկայությամբ՝ նա ոչ միայն գրել է գիշեր-ցերեկ, այլն ուրիշներին հորդորել է նույնը անելու։ Եղել է նաև մանրանկարիչ: Նրա ինքնագրերով մեզ հասած ձեռագրերից շուրջ մի տասնյակ պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։ Դրանց մի մասը նկարազարդված է նրա ձեռքով։ Իր գրած և ծաղկած ձեռագրերից մեկում այն միտքն է հայտնել, որ ձեռագիրն ավելի հասկանալի է դառնում, եթե նկարազարդվում է, իսկ նկարը ոչ միայն բացահայտում է գրքի բովանդակությունը, այլև հաճելի է դարձնում ընթերցանությունը։ Աչքի է ըևկել նաև որպես երաժիշտ։ Ունեցել է գեղեցիկ ձայն, վայելել հմուտ երգիչ-կատարողի համբավ։ Եղել է գանձասաց, տաղասաց, երաժշտա-հասարակական գործիչ, որը մոռացությունից հանելով՝ հավաքել է նախորդների և ժամանակակիցների շատ ստեղծագործություններ։ Որպես խազագետ-գրիչ ու տեսաբան-խմբագիր կազմել է երգարաններ։ Նրա գրական գործերից երաժշտածիսագիտական նշաևակություն ունեն «Խրատ ժամատեղաց» և «Գովութիւն Սաղմոսի» գրվածքները։ Առոգանության նշանների կիրառման որոշ պարագաների ուսումնասիրության տեսակետով ուշագրավ են նրա կազմած «Խառընտիր»-ն ու «Հայսմաւուրք»-ը։ Հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի պատմական հեղաշրջման որոշ հարցերի լուսաբանման համար կարևոր են նրա կազմած գանձարանները, որոնց ձեռագրերը պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։ Վերջինս կանգնած է հայ գանձարանային մշակույթի զարգացման մեջ երկու խոշոր պատմաշրջաններ զատորոշող սահմանագծի վրա։ Նա փաստորեն տվել է Գանձարանի նոր խմբագրություն (նաև խազավորման իմաստով), ավելացրել նոր միավորներ, ստեղծել գանձ-մեղեդի-տաղ-հորդորակ նոր շարքեր, կորստից փրկել մի շարք հին գործեր և պաշտոնապես վավերացված գանձարան-ժողովածուում պատշաճ տեղ ապահովել Մխիթար Այրիվանցու ու իր սեփական ստեղծագործությանը։ Նահատակվել է Մեծ Հայքի Ցիպնավանքում (այժմ՝ Թուրքիայում):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար