ԱՐԻՍՏԱԿԵՍ ԼԱՍՏԻՎԵՐՑԻ

Պատմիչ

1002 - 1080

Ծնվել է Արծն քաղաքի մոտերքում գտնվող Լաստիվեր գյուղում։ Եղել է վարդապետ։ Գլխավոր աշխատությունն է «Պատմություն»-ը՝ գրված 1072-79թթ։ Նկարագրված դեպքերի մեծ մասի ժամանակակիցն է և ականատեսը։ «Պատմություն»-ը բաղկացած է չափածո նախերգանքից, 25 գլուխներից և հեղինակի հիշատակարանից։ Նախերգանքում նկարագրում է սելջուկ-թուրքերի պատճառած սարսափները, ողբում նվաճված Հայաստանի վիճակը։ Բուն շարադրանքը ընդգրկում է 1000-45-ի հայ-բյուգանդական հարաբերությունները, սելջուկների ներխուժումը և Թոնդրակյան շարժման որոշ դրվագներ։ Մանրամասն նկարագրում է Հայքը նվաճելու Բյուզանդիայի փորձերը (1000-22թթ), բանակցությունները հայ և վրաց իշխանների հետ, Անիի թագավորության անկումը (1045թ.) և այլն։ Բյուզանդիայի պատմությանը վերաբերող գլուխները լիովին համընկնում են բյուզանդական պատմիչների հաղորդածին, երբեմն նաև լրացնելով նրանց, ինչպես նաև արաբ և պարսիկ մատենագիրների տեղեկություններին։ Առաջին հայ հեղինակն է, որ նկարագրում է սելջուկյան արշավանքները 1047-48թ-ից մինչև Անիի գրավումը (1064թ.) և Մանազկերտի ճակատամարտը (1071թ.)։ Հեղինակը տեղեկություններ է հաղորդում արշավանքների բնույթի, ուղիների մասին։ Թոնդրակյան շարժմանը նվիրված 22-րդ և 23-րդ գլուխներն ունեն աղբյուրագիտական բացառիկ արժեք, որովհետև պատմիչի տեղեկություններն այլ աղբյուրներում չեն հանդիպում։ Նրա «Պատմություն»-ը 11-րդ դարի կարևորագույն սկզբնաղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։ Այն միաժամանակ հայրենասիրական ողբ է, ուր հեղինակը նկարագրում է 11-րդ դարի աղետները։ Պատկերավոր և ազդու ոճի շնորհիվ նրա երկը հայ միջնադարյան գեղարվեստական արձակի խոշորագույն գործերից է։ «Պատմություն»-ը հայերեն առաջին անգամ տպագրվել է 1844թ., թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն, վրացերեն, վերածվել աշխարհաբարի։ Աշխատության ձեռագրերը պահվում են Երևանում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում և այլուր։ Մահացել է Լաստիվեր գյուղում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար