
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ԱՐՇԱԿ ԱԼՊՈՅԱՃՅԱՆ

17 հունիս, 1879 - 24 հուլիս, 1962
Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Պերպերյան վարժարանում: 1899թ. ավարտել է Կեդրոնական վարժարանը։ Գրական ասպարեզ է մտել 1897թ.՝ տպագրելով հոդվածներ «Բյուզանդիոն» օրաթերթում։ Հանդես է եկել «Ս.Անգեղյա» և «Շավարշ» ծածկանուններով՝ «Հանդես ամսօրյա», «Կոչնակ», «Բյուրակն», «Մասիս», «Ծաղիկ» և այլ պարբերականներում։ Գործակցել է Թեոդիկի «Ամենուն տարեցույց»-ներին։ 1910-22թթ եղել է Կ.Պոլսի Պատրիարքարանի քարտուղար։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում և նրան հաջորդող տարիներին, մինչև 1922թ. պաշտոնավարել է Եսայան վարժարանում ՝ որպես պատմության ուսուցիչ։ 1922թ. մեկնել է Հունաստան, աշխատել Քորֆուի ամերիկյան որբանոցում, միաժամանակ աշխատակցել է Կ.Պոլսի «Վերջին լուր» թերթին, որպես նրա շրջիկ թղթակիցը։ 1923թ. տեղափոխվել է Եգիպտոս, պաշտոնավարել Կահիրեի Գալուստյան վարժարանում որպես ուսուցիչ, եղել է Կահիրեի Հայոց ազգային առաջնորդարանի դիվանապետ։ Հրատարակել է «Ազատ միտք» (1936-37թթ) շաբաթաթերթը, «Գրասերի առաջնորդ» (1938-49թթ) պարբերականը, Դ.Շահլամյանի հետ՝ «Կյանք և գիր» (1948թ.) տարեգիրքը։ Հայ բանասիրության մեջ հայտնի է ազգային ականավոր գործիչների կյանքի ու գործունեությանը նվիրված մեծարժեք երկերով՝ «Ուսումնասիրաթյան Սրբուհի Տյուսաբի» (Վենետիկ, 1901թ.), «Գրիգոր Զոհրապ» (Կ.Պոլիս, 1919թ.), «Մինաս Չերազ» (Կահիրե, 1927թ.), «Պատմություն հայ Կեսարիո» (Ա-Բ հատորներ, Կահիրե, 1937թ.), «Գրիգոր Կեսարացի պատրիարք և իր ժամանակը» (Երուսաղեմ, 1936թ.), «Թորգոմ պատրիարք Գուշակյան» (Կահիրե, 1940թ.), «Հայ եպիսկոպոսի մը առաքելությունը ի Հապեշիստան Ժէ դարուն» (1946թ.) և այլն։ Մամուլում հրատարակել է «Անհետացող դեմքեր» շարքը, որն իր ապրած ժամանակաշրջանի հայ մշակույթի նշանավոր գործիչների վերաբերյալ մի ուրույն հանրագիտարան է։ Հայագիտության բնագավառում նրա ամենամեծ ներդրումը հայ գաղթավայրերի պատմությաևը նվիրված մեծածավալ գործերն են։ Այդ ուսումնասիրություններից առաջինը՝ «Հայք ի Ռումելի» (անտիպ), 1905թ. արժանացել է Իզմիրյան գրական մրցանակի։ Այնուհետև լույս են տեսել «Պատմություն հայ Կեսարիո» (հ.1-2, 1937թ.), «Պատմություն Եվդոկիո հայոց» (1952թ.), «Արաբական Միացյալ Հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը» (1960թ.), «Պատմություն Մալաթիո հայոց» (1961թ.), «Հուշամատյան Կուտինահայերու» (1961թ.) աշխատությունները։ Այդ գործերն ընդգրկում են համապատասխան շրջանի աշխարհագրությունը, պատմությունը, մշակույթը, հասարակական և տնտեսական կյանքը, հայերի տեղահանման և աշխարհով մեկ սփռվելու պատմությունը և բազմաթիվ անվանի մարդկանց կենսագրություներ։ Գրել է հայկական գաղթավայրերի առաջին ամբողջական պատմությունը («Պատմություն հայ գաղթականության», հ.1-3, 1941-61թթ): Նա դրել է նաև հայ դպրոցի լիակատար պատմություն ստեղծելու հիմքը («Պատմություն հայ դպրոցի», հ.1, 1946թ.)։ Մահացել է Կահիրեում։ Մահից հետո նրա գրադարանն ու դիվանը տեղափոխվել են Հայաստան և պահվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, որովհետև պատմաբանի ձեռագրերի մեջ կան արժեքավոր ուսամնասիրություններ։