ՌԱՖԱՅԵԼ ԱԹԱՅԱՆ

Արձակագիր, գրականագետ, թարգմանիչ

30 հոկտեմբեր, 1907 - 4 դեկտեմբեր, 1990

Ծնվել է Նոր Ջուղայում (Իրան)։ Եղել է արձակագիր Արշակ Աթայանի որդին, երաժշտագետ, կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանի եղբայրը: Միջնակարգ կրթությունն ստացել է Նոր Ջուղայի հայկական դպրոցում և անգլիական քոլեջում։ 1923թ. ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ 1927թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1923-25թթ որպես անգլերենի թարգմանիչ աշխատել է Արմենտայում (ապա՝ Արմենպրես), 1925-28թթ՝ «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1928-34թթ՝ «Խորհրդային Հայաստան» օրաթերթում որպես բաժնի վարիչ, ապա պատասխանատու քարտուղար, 1934-35թթ՝ Պետհրատում որպես գեղարվեստական գրականության բաժնի վարիչ և գլխավոր խմբագիր։ 1943-44թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1945թ-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1962-83թթ եղել է մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի հայ գրականության բաժնի վարիչը։ Հայերեն և ռուսերեն գրել է մանկավարժական-գրականագիտական աշխատություններ։ 1948թ. «Կրասնոդոնի երիտգվարդիականները Ա.Ֆադեևի պատկերումով» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1948-57թթ դասախոսել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, վարելով հայ և ռուս գրականությունների ամբիոնը։ Կազմել է (հեղինակակցությամբ) գրականության դասագիրք 5-րդ դասարանի համար (1969-79թթ)։ Նրա «Մայա» վիպակն արժանացել է Հայպետհրատի 1949թ. հրատարակած մանկապատանեկան գրականության մրցանակաբաշխության երկրորդ մրցանակին։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ռուսերեն լույս են տեսել նրա «Ռուս գրականությունը հայկական դպրոցներում դասավանդելու փորձից» (1948թ.), «Ռուսերեն ինքնուրույն գրավոր աշխատանքների համակարգի մասին» (1951թ.), «Ակնարկներ հայկական դպրոցներում ռուս գրականության դասավանդման» (1949թ.)։ 1985թ. Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել նրա «Գտնենք կորցրածը» վիպակ եռերգությունը։ Հրատարակվել են նրա «Մայա» (վիպակ, 1962թ.), «Պանաս Սմիռնի, կյանքը և ստեղծագործությունը» (1954թ.), «Զարթոնք» (1958թ.), «Սպարտակ» (1963թ.), «Դպրոցական այգի» (գիրք ուսուցիչների և ծնողների համար, 1963թ.), «Մրրիկի թևով» (1964թ.), «Աշակերտների գեղագիտական դաստիարակությունը» (1974թ.), «Սպարտակ» (գրքում տեղ է գտել «Սպարտակ» եռագրությունը՝ «Զարթոնք», «Սպարտակ», «Մրրիկի թևով» վեպերը, 1976թ.), «Շարադրությունը ուսման և դաստիարակության համակարգում» (1979թ.), «Գեղեցիկ խոսքը մայրենի լեզվի ուսուցման գործում» (1983թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Կ.Դ.Ուշինսկու «Ուսումնադաստիարակչական աշխատանքը դպրոցում» (1945թ.), Լ.Սավելևի «Հետքեր քարի վրա» (1949թ.), Ջորդանո Բրունոյի «Անվերջականություն, տիեզերքի և աշխարհների մասին» (1950թ.), Ա.Ս.Բարկովի «Ֆիզիկական աշխարհագրություն» (1951թ.), Վ.Ֆ.Շուլաևի և Ն.Ա.Ռիկովի «Կենդանաբանություն» (1951թ.) աշխատությունները: 1972թ. պարգևատրվել է ՀԳՄ Խաչատուր Աբովյանի անվան մեդալով, 1985թ.՝ Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար