ԱՐԹՅՈՒՐ ԱԴԱՄՈՎ

Արձակագիր, դրամատուրգ

23 օգոստոս, 1908 - 15 մարտ, 1970

Հարություն Ադամյան

Ծնվել է Կիսլովոդսկում, շուշեցի նավթարդյունաբերողի ընտանիքում։ 1914թ. ծնողների հետ տեղափոխվել է Եվրոպա, 1924թ. հաստատվել Փարիզում։ Սովորել է Շվեյցարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։ 1930-ական թվականներին մասնակցել է ֆաշիստական խմբավորումների դեմ պայքարին, սակայն չի հարել ժողովրդական ճակատին (1936թ.)։ Վիշիի կառավարության դեմ ելույթների համար նետվել է Արժելեի համակենտրոնացման ճամբարը (1941թ.), որտեղ կապեր է հաստատել գերմանական կոմունիստների հետ։ Ազատվելուց հետո չի մասնակցել դիմադրության շարժմանը։ Նրա քաղաքական տատանումներն իրենց արտացոլումն են գտել նրա ստեղծագործական էվոլյուցիայում։ Պատանեկության տարիներին գրել է սյուրռեալիստական բանաստեղծություններ։ 1946թ. հրատարակել է «Խոստովանություն» ինքնակենսագրական վիպակը։ «Պարոդիա», «Ներխուժում» (երկուսն էլ՝ 1950թ.), «Սեծ և փոքր զորախաղ» (1953թ.) բեմադրություններով, Ս.Բեյշեթի և Է.Իոնեսկոյի հետ դարձել է թատերական նոր շարժման՝ «աբսուրդի թատրոն»-ի պարագլուխներից մեկը։ «Բոլորը բոլորի դեմ», «Պրոֆեսոր Տարան», «Մարդիկ իրար վերագտնում են» (երեքն էլ՝ 1953թ.), «Պինգպոնգ» (1955թ.) պիեսներում արտաքին գործողությունը, գործող անձանց զբաղմունքը, շարժումը, խոսքը ինքնաբավ են և ներքին ապրումներից անջատ։ Այդ պիեսներով հռչակվել է որպես «հոգեբանական թատրոնի» մոլի հակառակորդ։ 1957թ. հրաժարվել է «աբսուրդի թատրոն»-ից, զարգացրել Բ.Բրեխտի ստեղծագործական սկզբունքները։ «Պաոլո Պաոլի» (1957թ.) պիեսում ռեալիստորեն պատկերել է Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիների սոցիալ-պատմական իրականությունը։ «Յոթանասունմեկի գարունը» (1961թ.) ողբերգությունն արտացոլում է Փարիզի կոմունայի դեպքերը։ Նրա հետագա ստեղծագործություններն ավելի ընդգծված քաղաքական բնույթ են ստացել («Մնացուկների քաղաքականությունը», 1962թ., «Սրբազան Եվրոպա», 1966թ., «Չափից դուրս», 1968թ.)։ Վարպետորեն պիեսի է վերածել Ն.Գոգոլի «Մեռած հոգիներ»-ը, փոխադրել Ք.Մառլոյի «Էդուարդ 2-րդ», Գ.Բյուխների «Դանտոնի մահը»։ Եղել է Ֆրանսիայի գրողների ազգային կոմիտեի անդամ։ Մահացել է Փարիզում։