ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Ճարտարապետ, շինարար

Ծնվել է 1937թ. օգոստոսի 6-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Ճարտարապետ-շինարար Ալեքսանդր Սահակյանի եղբայրն է: 1961թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիուտը։ Եղբոր հետ նրա աշխատությունները վերաբերում են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով շենքերի և կառույցների շինարարության պրոբլեմներին: Գիտականորեն հիմնավորել և գործնականում ապացուցել են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով բարձրահարկ շենքերի կառուցման արդյունավետությունը, ստեղծել այդ մեթոդի ճարտարապետական-կոնստրուկտիվ և տեխնոլոգիական նոր միասնական համակարգ: Հեղինակել են 60-ից ավելի գյուտեր: Նկատի ունենալով այդ աշխատանքների ժողովրդատնտեսական նշանակությունը 1978թ. Երևանում ստեղծվել է Համամիութենական նախագծային տեխնոլոգիական ինստիուտ, իսկ ինստիուտում մշակված աշխատանքների արագ ներդրման համար 1983թ.՝ «Բարձրշին» մասնագիտացված տրեստ: Հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդը լայնորեն կիրառվել է Խորհհրդային Միության տարբեր քաղաքներում: Այդ մեթոդով Երևանի Շահումյանի զանգվածում կառուցվել է 24 հազար բնակչի համար նախատեսված օրինակելի-ցուցադրական շրջան (16 և 25 հարկանի բնակելի շենքեր, դպրոցական համալիրներ, պոլիկլինիկա, մանկապարտեզներ, բազմահարկ ավտոտնակ-կայանատեղեր): 1965թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: 1974թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով, ապա՝ «Պատվո նշան» շքանշանով: 1971թ. ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան, 1984թ. պարգևատրվել ԽՍՀՄ Պետական մրցանակով: 1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր գյուտարարի կոչման: