Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

Առակագիր

12-րդ դար - 1250

Ծնվել է Հայոց Միջագետքի Դլուք (Տլուք) գավառի Մարաթա գյուղում: Կենսագրակւսն տեղեկություններ չեն պահպանվել։ Իր գործերի հիշատակարաններում եղած որոշ տվյալներից պարզվում է, որ ինքն իրեն կոչել Է Մարաթացի։ Սովորել է ծննդավայրում, այնուհետև՝ Սև լեռների Արքակաղին վանքում, ստացել վարդապետի աստիճան, զբաղվել քարոզչական գործունեությամբ, նախ՝ Ամիթում (այստեղից էլ՝ նաև Ամթեցի), ապա՝ Դլուքում։ 1198թ. մասնակցել է Կիլիկիայի Լևոն Բ թագավորի թագադրության հանդեսին։ Ինչ-ինչ պատճառներով հալածվել է և 1208թ. հարկադրված հեռացել հայրենի վայրերից։ Երկու տարի թափառելուց հետո հաստատվել է Սև լեռների Դոսխ (Տոսխ) կոչված այգեվետ ձորում հիմնադրված Այգեկ վանքում (այստեղից էլ՝ Այգեկցի) և զբաղվել գրական գործունեությամբ, այստեղ գրել է իր քսաներկու ճառերը, խրատական հինգ թղթերը՝ ուղղված իր հոգևոր սան, Անտիոքի եպիսկոպոս Միքայելին, ուրիշ թղթեր ու խրատական գրություններ։ Աշխատություններից շատերն ունեցել են հեղինակի ձեռքով գրված մեկից ավելի ընդօրինակություններ, հաճախ խմբագրական բնույթի տարբերություններով։ Խրատներից մեկը գրված է 1229թ.: Նրա մեզ հասած գործերից ժամանակով առաջինը «Արմատ հաւատոյ» (1205թ.) կոչված, հայ և օտար եկեղեցական մատենագրությունից քաղված վկայությունների ժողովածուն է: Նրա ժամանակ առաջնահերթ խնդիր էր դարձել հայկական կյանքի մեջ թափանցող օտար ազդեցությունների, հատկապես՝ հայ քաղկեդոնականների դեմ պայքարը, որի նպատակն էր պահպանել ժողովրդի ազգային նկարագիրը։ Հանդես է եկել որպես այդ պայքարի կրքոտ ու եռանդուն կազմակերպիչ, հակահարված տալով անջատողական ձգտումներին, և պատրաստել է հիշյալ ժողովածուն՝ քաղկեդոնականների դեմ վիճաբանելիս օգտագործելու համար։ Առակաբանի քարոզներն ու խրատները ուղղված են մարդկային արատների՝ շնանալու, կախարդության, հիշոցատվության, նենգության, ամբարտավանության, արծաթասիրության, գողության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության դեմ։ Քարոզների մեջ դատապարտել է մեծատուններին ու վաճառականներին, աշխարհիկ ու հոգևոր գործակալներին այն բանի համար, որ նրանք վաշխ են առնում, բռնադատում, խաբում, հափշտակում ու գողանում են, կտրում մշակի վարձը, զրկում որբին, աղքատին ու այրիին։ Այդպիսիներին հեղինակն ահաբեկում է գեհենով. «Վա՜յ որ կտրէ զվարձս մշակին ու զրկէ զորբն և զայրին և զաղքատն. զի դժոխքն է տեղի և դադարք նորա»։ Սակայն քարոզիչը զրկվածներին ու կեղեքվողներին չի կոչում ընդդեմ ղրկողների ու կեղեքողների։ Նա հանդես է գալիս որպես սոցիալական ներհակ կողմերի հաշտարար, մի կողմից դիմում է իշխողներին՝ հարստահարումն ու կեղեքումը մեղմացնելու պատգամով, մյուս կողմից՝ հորդորում է ընչազուրկներին, ժողովրդի ճնշված զանգվածներին՝ չըմբոստանալ ու չընդվզել տերերի դեմ։ Նրա քարոզներում կարևորը միջնադարյան Հայաստանի հասարակության տարբեր շերտերի միջև գոյություն ունեցող սոցիալական խոր հակասությունների արտացոլումն է։ Իր ճառերը, քարոզները համեմում է առակներով ու գրույցներով, որոնք ավելի հեշտ ընկալելի են դարձնում քարոզվող գաղափարները։ Դրանով հայ գրականության մեջ մտցնում է մի նոր գրական տեսակ՝ առակավոր ճառեր։ Խրատների մեջ ներառված առակների համար հիմնական աղբյուրները եղել են եզոպոսյան առակները և «Բարոյախոս» ժողովածուն։ Միջնադարում Եզոպոսից թարգմանված 60 առակներից նա իր ճառերի մեջ հյուսել է 13-ը, դրանց աշխարհիկ բարոյախոսությունը փոխարինելով հոգեշահ խրատներով։ «Բարոյախոսից» քաղել է 8 նյութ, փոխելով դրանց այլաբանությունը։ Ենթադրվում է, որ ինքը հավաքելով իր ճառերում գործածած առակները, կազմել է մեկ կամ երկու ժողովածու, այդ օրինակով նման ժողովածու-առակագրքեր են կազմել նաև ուրիշները։ Կենտրոնում ունենալով Այգեկցուու առակները, որոնք 30-ից ավելի են, այդ առակագրքերը հետագայում, մի կողմից, շարունակ բազմացվել ու ճոխացվել են՝ ընդգրկելով նորանոր առակներ, զրույցներ, հետաքրքրաշարժ պատմություններ, մյուս կողմից՝ հին, ծավալով փոքր ժողովածուները միացվել են․ երևան են եկել ընդարձակ առակագրքեր, որոնց մեջ առակների թիվը հասել է մի քանի հարյուրի։ Մեծ խմբավորումներից մեկն ստացել է անվանումը։ Հետագա ժողովածուներում ներառված առակներում սոցիալական հարցերն արծարծվել են ավելի ցայտուն ու բացահայտ։ Առակներից երևում է, որ աշխատավորն ըմբռնում է իր դերը, նա գիտե, որ իր հաշվին են ապրում ազնվականները, և որ թագավորներն ու իշխանները դարձել են ավելորդ բեռ. բնորոշ է «Եզն և ձի» առակի մեկնությունը, «...մարդ կայ, որ աշխատի քան զեզն, և մարդ կայ, որ հանապազ զձի հեծնի և աւեր ածէ աշխարհի, և թէ աշխատաւորն ոչ աշխատի, որպէս զեզն՝ նա մեռանի ձին և հեծնող նորա...»։ Առակներում սուր ծաղրի են ենթարկվել նաև կրոնավորները, հոգևոր դասի շատ ներկայացուցիչներ ագահ են, ընչաքաղց, նրանք գողանում են նույնիսկ այրիի կովը և թաքցնելու համար եկեղեցու բեմն են բարձրացնում ու ծածկում վարագույրով («Գող քահանա և այրի»)։ Վարդանյան առակներում պարզորոշ արտահայտվել են հասարակական կյանքում և մտածողության մեջ կատարվող փոփոխությունները։ Մարդիկ ընդհանրապես անտարբեր ու սառն են դարձել եկեղեցու նկատմամբ, զվարճալի տեսարանները գերադասում են սաղմոսից ու աղոթքից («Երէց և ժողովուրդ»)։ Ավելին՝ ժամանակներն այնքան են փոխվել, որ նրանք արդեն կասկածի տակ են առնում քրիստոնեական վարդապետության բուն հիմքերը, առհասարակ թերահավատ են Ավետարանի պատգամների նկատմամբ («Աղքատ և երէց և Աւետարան»)։ Այդպիսի առակները ժողովրդական ստեղծագործությունից են անցել առակագրքերին, ուստի և անխառն ձևով արտահայտում են ժողովրդի վերաբերմունքը կրոնի և նրա սպասավորների նկատմամբ։ Նրա առակներից կարելի է պատկերացում ստանալ օտար իշխողների նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի, ինչպես և միմյանց հարևանությամբ ապրող ժողովուրդների հարաբերությունների մասին։ «Քահանայ և դադի» առակը, օրինակ, ստեղծվել է այն ժամանակ, երբ հայերը տառապել են մուսուլման իշխողների լծի տակ։ Ստեղծված լինելով գերազանցապես միջնադարյան քաղաքային միջավայրում՝ առակագրքերում եղած նյութերն արտացոլում են այդ միջավայրի կյանքն ու կենցաղը։ Վարդանյան առակագրքերի նյութը համակարգված չէ. իրար հաջորդող առակներից յուրաքանչյուրն ունի ինքնուրույն սյուժե, անկախ գաղափար, ուրույն նպատակադրում, տարբեր գործող անձեր։ Ժանրային տեսակետից էլ առակագրքերի նյութերը միատարր չեն. այստեղ կարելի է գտնել և՛ զանազան հետաքրքրաշարժ պատմություններ, զրույցներ («Գինի», «Կաթ մի մեղր պատճառ պատերազմի», «Հնարք սատանայի», «Տանպատեցի ջուլհակ»), և՛ մանրապատումներ («Միամիտ գողք», «Լեզուանի կին», «Ձկներագետ ճուհի»), և՛, նույնիսկ, մանրավեպեր, թեև իրենց ժանրային ձևավորումը վերջնականապես չստացած («Պղպղայ», «Ձուկն թէ կատու», «Արուեստք կնոջ» և այլն)։ Վերջիններս սովորաբար անդրադարձնում են մեծատուն քաղաքացիների ընտանեկան հարաբերությունները։ Քիչ չեն զվարճալի առակներն ու զավեշտական պատմությունները («Աղուես և պանրացան մարդ», «Այր որոյ չէ տեսեալ ոչ բաղանիս և ոչ խոզ», «Գայլ յուսումն», «Երեց ասորի և երիտասարդ հայ»)։ Չնայած իրենց կատակային բնույթին, սրանք ևս զգալի ճանաչողական արժեք ունեն։ Առակների գործող անձերը մարդիկ են՝ իրենց ծաղրվող թերություններով ու դրվատվող առաքինություններով, կամ կենդանիներ, թռչուններ։ Առակներից շատերի գլխավոր գործող անձը աղվեսն է. այս է պատճառը, որ առակագրի անվան հետ կապված առակագրքերն ստացել են նաև «Աղվեսագիրք» անունը։ Հայկական առակներում աղվեսը միշտ չէ, որ կերպավորվել է իր համբավին (խորամանկություն) համապատասխան. այստեղ նա մեկ անմիտ է, հիմար, դյուրահավատ՝ խաբվում է, մեկ սրամիտ է, փորձառու, զգաստ ու համբերող՝ հաղթում է, երբեմն էլ ուխտադրուժ է ու նենգավոր և պատժվում է։ Առակագրքերում լավագույնները ժողովրդական բանահյուսությունից վերցված առակներն են։ Դրանց պատմողական մասը հակիրճ է, ամփոփ ու հստակ և լիովին արտահայտում է առակախոսի միտքը, ավելորդ դարձնելով մեկնությունը։ Այգեկցու անունով տարածում գտած ժողովածուները, հարստանալով բանարվեստից առնված նյութերով, հոգևոր սնունդ են տվել միջնադարյան ընթերցողին և ունկնդրին։ Դրանց մեջ տեղ գտած ստեղծագործությունները միջին դարերի գեղարվեստական արձակի մարգարիտներ են, միաժամանակ՝ կարևոր աղբյուր տվյալ ժամանակի կյանքի այնպիսի կողմերի լուսաբանման համար, որոնց մասին լռում են մատենագրական մյուս հուշարձանները։ Մահացել է Սև լեռների Այգեկ վանքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար