ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ

Գեղանկարիչ

12 սեպտեմբեր, 1891 - 20 հուլիս, 1966

Ծնվել է Թիֆլիսում: 1906-10թթ սովորել է Գեղեցիկ արվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1911-12թթ.` Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1922-29թթ. դասավանդել է Մ.Ի.Թոիձեի գեղարվեստի ստուդիայում, 1929-38թթ.` Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում։ Ստեղծել է հատուկ մշակված գունածածկույթով փոքրածավալ գեղանկարչական երկեր։ Վաղ շրջանի գործերից են` «Երեք կին», «Տեսողական պատրանք» (երկուսն էլ` 1928թ.), որոնց բնորոշ են մուգ կոլորիտը և նուրբ ձևերը։ 1930-40-ական թվականներին, երանգապնակը հարստացնելով լույսով, գույնով` հասել է ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի։ Ինքնատիպ գեղարվեստականությամբ ու ճաշակով են առանձնանում կանանց դիմանկարները` «Նազելի Տերյան» (1929թ.), «Լավինա» (1961թ.), «Կիռա Գոզաշվիլի» (1963թ.), կոմպոզիցիաները` «Լողացող կանայք» (1928թ.), «Լողորդուհիներ» (1929թ.), «Կրկեսի արտիստների խումբը» (1940թ.), որոնք առանձնանում են բնորդի հուզաշխարհի դիպուկ ընկալումով, անհատական գծերի շեշտադրմամբ, հյութեղ երփնագրով։ Ստեղծել է նաև հայաստանյան բնանկարներ («Զանգեզուր», 1965թ.)։ Գործերը պահվում են Վրաստանի կերպարվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, անհատական հավաքածուներում: 1961թ. արժանացել է Վրաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Թբիլիսիում: