ԱՍԱՏՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ

Գրականագետ

3 սեպտեմբեր, 1903 - 9 դեկտեմբեր, 1964

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Բերդակ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է մանկատներում։ 1933թ. ավարտել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ աշխատել է որպես «Հիդրոշինարար» թերթի խմբագիր։ Հետագայում եղել է Վաղարշապատի «Բամբակի համար» շրջանային թերթի խմբագիրը։ 1935-36թթ եղել է «Խորհրդային դպրոց» թերթի խմբագիրը։ 1935-38թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ Երիտասարդ տարիներին գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը տպագրվել է «Ասուր Վերկառն» ծածկանունով։ Հետագայում թողել է պոեզիան և զբաղվել բացառապես գրականագիտությամբ։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1938թ-ից աշխատել է «Արմֆանի» գրականության ինստիտուտում` որպես գիտաշխատող։ 1941թ. «Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նոր գրականություն բաժնի վարիչը։ Հեղինակել է «Ավետիք Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը» (1940թ.), «Ղազարոս Աղայան (կյանքն ու գործունեությունը)» (1940թ.), «Ավագ լեյտենանտ Պատրիկ Գազազյան» (1943թ.), «Հակոբ Հակոբյան» (1947թ., 1955թ.), «Սովետահայ գրականության պատմության պերիոդիզացիայի հարցի շուրջը» (1947թ.), «Գրական-քննադատական ակնարկներ» (1951թ.), «Հայ գրականությունը և ռուսական առաջին ռևոլյուցիան» (1956թ.), «Սոցիալիստական վերածննդի հայ գրականության պատմությունից» (1959թ.), «Հարություն Սըվաճյան» (1967թ.) և այլ աշխատություններ: Մասնակցել է նաև հայ դասականների երկերի ակադեմիական հրատարակությունների պատրաստմանը։ Մահացել է Երևանում։