
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ԳՈՒՍԱՆ ՋԻՎԱՆԻ

2 հոկտեմբեր, 1846 - 20 փետրվար, 1909
Սերոբ Լևոնյան
Ծնվել է Կարծախ գյուղում (այժմ՝ Վրաստանի Ախալքալակ քաղաքի մոտ): Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին: Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա-Ղազարի (Սիայի) մոտ յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվագել քյաման և ջութակ, հորինել է թուրքական ու հայկական երգեր: 1866թ. Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան): Նրա հետ ընկերանալով՝ 1867թ. գարնանը մեկնել է Թիֆլիս: 1868-95թ. բնակվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), այնուհետև՝ Թիֆլիսում: Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Զամալին, Զահրին, Մալուլը, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան: Շուտով ընտրվել է «ուստա-բաշի» (գլխավոր վարպետ): Մինչև 1880-ական թվականները նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում: 1870-90-ական թվականներին հասարակական մտքի և ազգային-ազատագրական շարժման վերելքի տարիներին նրա սիրային, քնարական երգերին փոխարինելու են եկել բողոքի և ըմբոստության երգերը: Նա համոզված էր, որ արևմտահայության ազատագրման հարցը լուծել կարող է միայն Ռուսաստանը («Մեծ քեռի», «Ով սիրուն, սիրուն»): Նույնիսկ 1905թ. հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին աշուղը չի հուսահատվել և հավատացել է, որ հայ ժողովրդի ազատության արեգակը ծագելու է «հյուսիսից»: Նրա ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է: Ոչ միայն նկատել ու արձանագրել է ժամանակի հոռի հարցերը՝ անարդարությունն ու բռնությունը, այլև բողոքել է դրանց դեմ: Խարազանել է աշխատավոր ժողովրդի իրավունքը ոտնահարողներին (Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինին անվանել է «Գայլածին»): Նրա բոլոր երգերում առկա է դեմոկրատական շունչը, շատ գաղափարներ աշուղն արտահայտել է այլաբանորեն («Այծյամ», «Սիրուն հավ», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Հո տառը», «Քաջ բազե» և այլն): Քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»: Նրա համար խորթ են եղել ազգային և կրոնական խտրականությունները: Երգել է համերաշխություն, եղբայրություն, երգել է հայրենիքը, ինչպես նաև մաքուր ու անաղարտ սերը, այդ երգերից շատերն այժմ էլ երգվում են («Պաղ աղբյուրի մոտ», «Նազելույս ամպ է իջել» և այլն): Եղել է նաև հրապարակախոս, փիլիսոփա, բարոյագետ. նրա իմաստուն խրատներն ու խորհուրդները բերնեբերան տարածվել են ժողովրդի մեջ և գործածվում են որպես աֆորիզմներ: Հայ աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգային դպրոց: Աշուղական երգը մաքրել է արևելյան ճոռոմաբանությունից, օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու: Մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը: Մեզ է հասել նրա շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է: Թուրքերենից փոխադրել է «Աշըղ-Ղարիբի հեքիաթը» (1887թ.), «Քյարամի և Ասլիի հեքիաթը» (1888թ.), «Մելիք-Շահի հեքիաթը» (1898թ.): Երգչի ստեղծագործությունը բարձր են գնահատել հայ և ռուս արվեստագետներ, գիտնականներ (Հ.Թումանյան, Մ.Գորկի, Ն.Մառ, Վ.Բրյուսով, Վ.Կիրպոտին և այլք): Իր ոտանավորների զգալի մասը հորինել է երգելու համար: Սովորաբար հանդես է եկել երեք կամ չորս հոգուց կազմված խմբով, նվագել ծնկին դրվող ջութակ (նաև՝ քաման), երգել զորավոր ու զգայուն ձայնով: Շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ու Սայաթ-Նովայի զարգացրած ավանդույթը՝ որևէ երգի համար հորինել նրան հատուկ եղանակ («Քո փափագով», «Ընկերը», «Այծյամ», «Ձախորդ օրերը» և այլն): Օգտվել է նաև ավանդական աշուղական եղանակներից, դրանք շարադրել յուրովի: Հայ աշուղական երգի ելևէջային ոճը հարստացրել է բուն ժողովրդական (գեղջկական) երաժշտության տարրերով և ստեղծել իր անհատական գրելաձևը: Առավել բնորոշ երգերում խոսքային և վոկալ ինտոնացիաները միաձուլված են, և զգացմունքի խորությունը զուգորդվում է արտահայտման վիպականության հետ («Ձախորդ օրերը», «Փորձը մարդուն», «Սարի եղնիկը», «Սպիտակ մազեր», «Ազգ իմ», «Ավարայրի դաշտը» և այլն): Եղանակները կենսահաստատ են, լավատեսական, դրանց ձայնակարգային հիմքը հարուստ է, ռիթմը՝ բազմազան: Եղել է նաև ասերգի խոշոր վարպետ («Խելքի աշեցեք» և այլն): Վիպականորեն հանդարտ ու ծավալուն «պատմողականությամբ» միջնադարյան տաղերին է հարում նրա «Առավոտյան քաղցր հովիկը», քաղաքային ժողովրդական ոճի օգտագործման նմուշ է «Քույրերիս մեջ» երգը, որի եղանակը սերում է նույնպես մի հին, միջնադարյան նախօրինակից (օգտագործված նաև Պաղտասար Դպիրի և Սայաթ-Նովայի երգերում): Կատարել է նաև այլ հեղինակների գործեր, դրանց համար հարմարեցրել կամ հորինել եղանակներ («Անի քաղաք»): Նրա երգերը դեռևս հեղինակի թելադրումից գրի են առել Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Կոմիտասը, առավել հիմնովին՝ Արշակ Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ստեփան Դեմուրյանը, Ռոմանոս Մելիքյանը և ուրիշներ: Գրառումների մի մասը պահպանված այլ նմուշների հետ զետեղված են Մուշեղ Աղայանի և Շարա Տալյանի կազմած ու խմբագրած ժողովածուում (1955թ.): Մահացել է Թիֆլիսում: Ջիվանու երգերի կատարման ոճը հարազատորեն պահպանել են Շարա Տալյանը, ապա՝ Վաղարշակ Սահակյանը: Աշուղի երգերը երգչախմբի համար մշակել են Ք.Կարա-Մուրզան և Մ.Եկմալյանը, դաշնամուրի համար՝ Ն.Տիգրանյանը, սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Գ.Կազաչենկոն, ձայնի և դաշնամուրի (նաև փողային նվագախմբի) համար՝ շատ հայ կոմպոզիտորներ: «Քո փափագով» երգի եղանակը Կոմիտասն օգտագործել է իր «Անուշ» անավարտ օպերայում: «Անի քաղաքի» եղանակը (բացի Կարա-Մուրզայի երգչախմբային մշակումից) օգտագործել են Ա.Տեր-Ղևոնդյանը, մասամբ՝ Կոմիտասը և Ա.Խաչատրյանը: