ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1957թ. հոկտեմբերի 6-ին, Երևանում: Բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանի որդին է: 1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Նաիրի», «Հայաստան» հրատարակչություններում, զանգվածային լրատվամիջոցներում («Գրական թերթ», «Երեկոյան Երևան»), ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունում` վարելով պատասխանատու պաշտոններ: 1989թ-ից Հայստանի գրողների միության անդամ է: 1980-90թթ եղել է «Սովետական գրող» (այժմ` «Նաիրի») հրատարակչության խմբագիրը, 1991-98թթ՝ ՀԿԿ Կենտկոմի «Հայաստան» հրատարակչության, 1998-2011թթ՝ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենը, ապա` գրադարանի տնօրենի գլխավոր խորհրդականն ու գիտխորհրդի նախագահը, 2004թ-ից՝ «Հոգևոր հայրենիք» մշակութային ամսաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը: Նրա գեղարվեստական ստեղծագործությունները և լրագրողական նոթերը հրապարակվել են հանրապետական մամուլում, թարգմանվել այլ լեզուներով: Հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով եթեր են հեռարձակվել նրա հեղինակած հաղորդումները: 1983-90թթ հեղինակել է «Լույս է տեսել» հեռուստատեսային հաղորդաշարը, որի ընթացքում հասարակությանն է ներկայացվել հարյուրավոր գրքերի նոր հրատարակություններ: 2004թ-ից Գրադարանային միության նախագահն է: Հայաստանը ներկայացրել է ԱՊՀ-ի և միջազգային մի շարք կոնֆերանսներում: «Երկիր Մեդիա» հեռուստատեսությամբ վարել է «Գրքերի աշխարհում» հաղորդաշարը: Անդամակցում է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը: Տպագրված գրքերից են` «Մկրտիչը, Լուսինեն և ուրիշները» (պատմվածքներ, 1986թ.), «Հայրեր և որդիներ» (պատմվածքներ, 1986թ.), «Բժիշկ Հարութը» (փաստագրական ակնարկ, 2001թ.), «Կայծ` ցեղի ոգուց» (2002թ.), «Մասիսն այն կողմից» (2004թ.), «Երկվություն» (վեպ, 2012թ.), «Ես և մերոնք» (գեղարվեստական ակնարկ, 2013թ.): 2003թ. արժանացել է Աշխարհում խաղաղության դեսպանի տիտղոսի` «Աշխարհի խաղաղության միջկրոնական և միջազգային դաշնություն» կազմակերպության կողմից: 2004թ. արժանացել է Բնության և հասարակության ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման, 2005թ.՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, 2007թ.՝ ՄԱԿ-ի հասարակական պարգևների խորհրդի Ա.Պուշկինի անվան մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: 2014թ-ից ղեկավարում է Սարդարապատի հուշահամալիրի «Մուսա Լեռ» թանգարանը: