
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

20 հուլիս, 1928 - 24 փետրվար, 1975
Ծնվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում: 1947-52թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1952-54թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1960թ. ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը: Եղել է բազմաժանր նկարիչ, ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը: Լենինգրադի արվեստի ակադեմիան և Էրմիտաժը նշանակալի դեր են խաղացել արվեստագետի ինքնատիպ ոճի ձևավորման գործում: Հանրահայտ գործերից են` «Տարվա եղանակները» (1960-63թթ), «Իմ ծնողները» (1962թ.), «Հանդիպում» (1965թ.), «Հորս դիմանկարը» (1965թ.), «Շեմին» (1967թ.) և այլ գործեր: Նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին` հատկապես 1915թ. Հայոց Մեծ եղեռնին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները: Այդ ժամանակաշրջանին են պատկանում «Տեր Զորի ճանապարհին» (1964թ.), «Գաղթ» (1965-67թթ), հայկական գյուղաշխարհը պատկերող` «Ջուլհակուհիներ» (1958թ.), «Տերևներ հավաքողները» (1960թ.), «Ջաջուռ» (1960թ.), «Հաց են թխում» (1963թ.), «Խնոցի են հարում» (1964թ.) և այլ կտավներ: Պատկերները կառուցել է գունային ցայտուն հակադրությամբ, արտահայտել լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն` ողբերգական շեշտերով («Ինքնանկար փշով», 1967թ., «Խաչելություն», 1975թ.): Շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում նկարչի ստեղծած հրաշալի որմնանկարները: 1962թ. ձևավորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բեմադրված Ջ.Ռոսսինիի «Տիկնիկների աշխարհում», Մ.Ռավելի «Իսպանուհին. Բոլերո» և Ջ.Գերշվինի «Նեգրական թաղամաս», Ս.Պրոկոֆևի «Մոխրոտը», Է.Հովհաննիսյանի «Անտունի» բալետները: 1971թ. ձևավորել է Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», 1974թ.` Ա.Խաչատրյանի «Գայանե» օպերաները: 1972թ. նկարչի արվեստանոցում բռնկված հրդեհը ոչնչացրել է ներսում գտնվող հարյուրավոր պատրաստի նկարներ, մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում` քաղաքի ռմբակոծության հետևանքով, 1988թ. Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծած նրա որմնանկարները, որոնք 2008թ. տեղափոխվել են Ջաջուռ` նկարչի տուն-թանգարան (հիմնադրվել է 1982թ.): 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում, ավտովթարից, սակայն մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված: