Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր

30 սեպտեմբեր, 1920 - 27 մայիս, 1998

Ծնվել է Դոնի Ռոստովում: Եղել է արձակագիր, բանաստեղծ Ղազարոս Աղայանի թոռը, գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի որդին, երաժշտագետ Արաքսյա Սարյանի ամուսինը: 1934-38թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայի Վարդգես Տալյանի և Սարգիս Բարխուդարյանի դասարաններում, ապա՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում՝ Վ.Շեբալինի դասարանում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1950թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Դ.Կաբալևսկու, Դ.Շոստակովիչի և Ա.Ալեքսանդրովի ղեկավարությամբ: Նույն թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1960-86թթ եղել է ռեկտորը, 1986-90թթ` ստեղծագործական ամբիոնի վարիչ (1972թ-ից` պրոֆեսոր): Նրան աշակերտել են կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Վարդան Աճեմյանը, Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Լուսիկյանը և ուրիշներ: 1955-56թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Կոմպոզիտորի ստեղծագործությունների մեջ գերակշռում է գործիքային երաժշտությունը: Ժամանակակից երաժշտամտածողությամբ, տեմբրերի ներդաշնակությամբ առանձնանում է Ջութակի կոնցերտը: Նրան մեծ ճանաչման է արժանացրել «Սիմֆոնիկ պատկերներ»-ը (1955թ.), «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն (1966թ.)՝ ներշնչված նկարիչ Մարտիրոս Սարյանի կտավներով: Ջութակի կոնցերտում (1973թ.) արտացոլվել են ժամանակակից գրելաոճի որոշ առանձնահատկություններ: Կոմպոզիտորի սիմֆոնիան (1980թ.) միամաս կոմպոզիցիա է, որն աչքի է ընկնում նորարարությամբ, ձևի ավարտվածությամբ, բոլոր բաղադրատարրերի ներդաշնակությամբ: Գրել է նաև «Խաղաղության օրը» վոկալ-սիմֆոնիկ սյուիտը (1953թ.), նվագախմբի համար՝ Թեմա վարիացիաներով (1947թ.), «Սիմֆոնիկ պոեմ» (1950թ.), «Հանդիսավոր նախերգանք» (1957թ.), Սերենադ (1958թ.), Ադաջիո և պար (1960թ.), թավջութակի և դաշնամուրի սոնատ (1948թ.), Արիա և տոկկատ ջութակի և դաշնամուրի համար (1965թ.), լարային կվարտետ (1949թ.), երգեր: Կոմպոզիտորի վերջին շրջանի դրամատիզմով լի գործերից են դաշնամուրի 3 պոստլյուդները, Պասակալիան, «Անդանտե և Պրեստոն»: Գրել է նաև կինոերաժշտություն՝ «Մանրուք» (1954թ.), «Հովազաձորի գերիները» (1956թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ., Առնո Բաբաջանյանի հետ), «01–99» (1959թ.), «Մարտիրոս Սարյան» (1965թ., վավերագրական) և այլն: 1983թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1986թ.` ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության շքանշանի: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1972թ. արժանացել է Հայաստանի, 1990թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: Ղազարոս Սարյանի անունով կոչվել են արվեստի դպրոցներ Երևանում և Արարատ քաղաքում, Սալոնիկի Հայ մշակութային կենտրոնը: