
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

19 մայիս, 1892 - 27 ապրիլ, 1965
Համբարձում Բեկնազարով
Ծնվել է Երևանում: Եղել է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրը և կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի եղբայրը: Սովորել է Երևանի, ապա Տաշքենդի գիմնազիաներում: Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբիշ, ելույթներ է ունեցել կրկեսում («Մարոնի» կեղծանունով), մասնակցել է միջազգային մրցումների: 1918թ. ավարտել է Մոսկվայի առևտրական ինստիտուտը: 1914թ. երկրորդական դերով հանդես է եկել կինոյում: 1915թ. «Համո Բեկ» կեղծանունով նկարահանվել է կինոֆաբրիկանտ Կ.Լիբկենի ստուդիայում (Յարոսլավլ), տարբեր դերերով մասնակցել «Փախստականներ», «Վաճառական Վոլգինի զավակները», «Իմ խարույկն առկայծում է մշուշում» և այլ ժապավենների ստեղծմանը: Միաժամանակ եղել է Ա.Խանժոնկովի, Ա.Խոխլովկինի, Ն.Կագանի, Դ.Դրանկովի կինոֆիրմաների դերասան: 1917թ-ից աշխատակցել է հայ ձեռնարկատերերի կազմակերպած «Բիոֆիլմ» բաժնետիրական ընկերությանը: Կինոյի հայտնի դերասաններ Ի.Մոզժուխինի և Վ.Խոլոդնայայի ընկերակցությամբ ռուսական մի շարք ֆիլմերում խաղացել է առաջատար դերեր: Իր արվեստը կատարելագործել է նախահեղափոխական կինեմատոգրաֆիայի լավագույն ռեժիսորներ Վ.Գարդինի, Ե.Բաուերի, Յ.Պրոտազանովի, Ի.Փերեսթիանիի ղեկավարությամբ: Խաղացել է մոտ հարյուր դեր, համարվել ռուսական էկրանի բարձրացող աստղ: Սովետական իշխանության տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի կինեմատոգրաֆիայի ստեղծմանը: 1921թ-ից եղել է Վրաստանի Լուսժողկոմատի կինոսեկցիայի վարիչը, ապա` Վրաստանի Պետկինոարդի ստուդիայի դիրեկտորը և գեղարվեստական ղեկավարը: Ռեժիսորական գործունեությունն սկսել է 1923թ.` «Խայտառակության սյան մոտ» (ըստ Ա.Ղազբեգիի «Հայրասպանը» վեպի, 1924թ.) վրացական կինոնկարի բեմադրությամբ: «Կորսված գանձեր» (1924թ.) և «Նաթաելա» (1925թ.) ֆիլմերում առաջին անգամ նկարահանվել են վրացի ականավոր արտիստներ Ա.Խորավան և Մ.Ճիաուրելին: Այդ կինոնկարներն աչքի են ընկնում սյուժեի սրությամբ, դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկայի երանգավորումով: 1925թ., Հայաստանի ժողկոմխորհի հրավերով, եկել է Երևան, գլխավորել հայկական գեղարվեստական կինեմատոգրաֆիայի կազմավորման ընթացքը: 1925-28թթ ստեղծել է հինգ գեղարվեստական համր կինոնկար` «Նամուս» (1925թ.), «Զարե» (1926թ.), «Շոր և Շորշոր» (1926թ.), «Խասփուշ» (1927թ.), «Տունը հրաբխի վրա» (1928թ., համատեղ նկարահանվել է Ազպետկինոյի հետ), որոնց մեջ բացահայտվել են նրա ռեժիսորական արվեստի բնորոշ առանձնահատկությունները: Կինոռեժիսորի համր ֆիլմերը խոշոր ներդրում էին կինոարվեստի գանձարանը: Արևելքի ժողովուրդների կյանքին նվիրված բոլոր ժապավեններին հատկանշական էկզոտիկ պատկերմանը հակառակ, առաջին անգամ նա տվել է իրական Արևելքի նկարագիրը: Հայկական առաջին իսկ ֆիլմերից ամրապնդվել են նրա արվեստի գլխավոր սկզբունքները` կինոպատումի խիստ վավերականություն, ողջ ժապավենի կոմպոզիցիոն ամբողջականություն, դերասանների ռեալիստական խաղ, հավատարմություն դասական գրականության ոճաբանությանը: Կինոարվեստում նա օրգանապես համադրել է հայկական դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, դրել կինեմատոգրաֆիայի ազգային ոճի հիմքը: Ստեղծագործական այդ սկզբունքները զարգացրել է իր հնչուն կինոնկարներում, որոնցից առաջինը` «Պեպո»-ն (1935թ.), սովետական բազմազգ կինեմատոգրաֆիայի խոշոր նվաճումն էր: Նրա հնչուն ֆիլմերին բնորոշ է մասշտաբայնությունը, թեմայի մշակման խորությունը, կինեմատոգրաֆիական վառ արտահայտչականությունը, կինոպատումի մոնումենտալ ոճը: Այդ ոճով են ստեղծվել «Զանգեզուր»-ը (1938թ.), «Դավիթ Բեկ»-ը (1944թ.): Նկարահանել է հետաքրքիր փաստագրական կինոնկարներ` «Երկրաշարժը Լենինականում» (1927թ.), «Երկիր Նաիրի» (1930թ.), «Սովետական Հայաստան» (1948թ., Լևոն Իսահակյանի և Էրազմ Քարամյանի հետ): Նրա ստեղծագործությունը սերտորեն կապված է սովետական եղբայրական ժողովուրդների կինեմատոգրաֆիային, բացի վրացականից, նա նկարահանել է ադրբեջանական` «Սևիլ» (1929թ.), «Սաբուհի» (1941թ.), ուզբեկական` «Բնակարանամուտի խնջույք» (1954թ.), տաջիկական` «Նասրեդդինը Խոջենթում» (1959թ., Է.Քարամյանի հետ) կինոնկարները: Իր անմիջական մասնակցությամբ ստեղծված «Վոստոկկինո» ստուդիայում բեմադրել է նանայական «Իզդենբու» (1930թ.), չեչենական «Շքանշանով մարդը» (1931թ.) գեղարվեստական, ինչպես և փաստագրական «Գոլդերի երկիրը» կինոնկարները: Գրել է կինոնկարների սցենարներ: Պարգևատրվել է երեք շքանշանով: 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1941թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի` «Զանգեզուր» ֆիլմի համար: Մահացել է Մոսկվայում: 1966թ-ից հայկական կինոստուդիան կոչվում է Բեկնազարյանի անունով: