Հովսեփ Վարդանյան

Գրող, պատմաբան

Փառնակես

Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան

Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան

Դերասան

Այծեմնիկ Զարդարյան

Քանդակագործ

Արթուր Փինաջյան

Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան

Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան

Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան

Ճարտարապետ

Վերա Ասլանյան

Թարգմանիչ

Կարո Մկրտչյան

Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան

Բանաստեղծ, արձակագիր

Առնո Խայաջանյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԲԱՐՍԵՂ ԿԱՆԱՉՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

17 ապրիլ, 1885 - 21 մայիս, 1967

Ծնվել է Ռոդոստոյում: 1888թ-ից բնակվել և նախնական կրթություն է ստացել Կոստանդնուպոլսում: 1896թ. ընտանիքի հետ գաղթել է Բուլղարիայի Վառնա քաղաք, աշակերտել Նաթան Ամիրխանյանին (ջութակ, երաժշտության տեսություն): 1903թ-ից սովորել է Բուխարեստում (դաշնամուր, հարմոնիա): 1908թ., օսմանյան սահմանադրության հռչակումից հետո, տեղափոխվել է Կ.Պոլիս, կազմել «Քնար» փողային նվագախումբը, զբաղվել դասատվությամբ, արել ստեղծագործական առաջին փորձերը: Կոմպոզիտորի համար վճռական նշանակություն է ունեցել հանդիպումը Կոմիտասին (1910թ., դեկտեմբեր), հանդես է եկել «Գուսան» երգչախմբում, նրա «հինգ սաների» թվում հարմոնիայի դասեր առել, հետևել խմբավարական արվեստին: 1919թ., Կոմիտասին նվիրված համերգում, որպես խմբավար հանդես է եկել 400-հոգիանոց միացյալ երգչախմբով, «հինգ սաների» հետ ներդաշնակել և հրատարակել է հայրենասիրական երգեր («Հայ գուսան» տետր): 1920թ-ից Փարիզում շարունակել է երաժշտական կրթությունը, 1922թ-ից հայկական գաղութներում զբաղվել խմբավարությամբ, 1926թ-ից դասավանդել Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում, 1933թ-ից՝ Բեյրութի Նշան Փալանջյան ճեմարանում: 1936թ. Բեյրութում կազմել է մշտական երգչախումբ (Կոմիտասի երգչախմբի օրինակով անվանել է «Գուսան»), այդ խմբի համար մշակել հայկական, ինչպես և մի քանի արաբական ժողովրդական երգեր, տվել բարձրարվեստ համերգներ, զբաղվել երաժշտության դասերով (դաշնամուր, ջութակ, հարմոնիա): 1946թ. տոնվել է նրա երաժշտական գործունեության 40-ամյա հոբելյանը: Գրել է շուրջ 30 խմբերգ, 10 մեներգ դաշնամուրով, 20 մանկական երգ, «Աբեղա» երգային օպերան (ըստ Լ.Շանթի «Հին աստվածներ» դրամայի): Ռ.Պատկանյանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի, Վ.Միրաքյանի և այլոց խոսքերով, տարբեր տրամադրություններով, հուզականորեն հագեցված մեներգերում («Օրոր», «Ասում են ուռին», «Ալվարդի երազը» և այլն) դրսևորված է նրա մեղեդիական ակնառու վարպետությունը: Երգչախմբի և ընդհանրապես վոկալի նուրբ զգացողությունը բնորոշ է խմբերգերին, որոնցում կիրառել է նաև ժողովրդական նյութի թեմային զարգացում («Դալիլո», «Հոյնար», «Վարդերի հետ»): Դրանցից առավելապես նշանակալից է դեպի Սբ. Կարապետ ուխտագնացություն նկարագրող ժողովրդական խոսքերով «Նանոր» վիպական-դրամատիկական բնույթի խմբերգային ծավալուն պատկերը, որը նկարագրական լինելով հանդերձ՝ խոր զգացմունքային է, տրամադրությունների ցայտուն հակադրություններով, ազատ, նպատակամետ զարգացումով, լարվածությամբ հագեցած, վառ պատկերավոր ու կուռ, բովանդակալի և դարձել է հայ դասական խմբերգային ստեղծագործության նշանավոր երկերից մեկը: Ուշագրավ է նաև հայրենասիրական «Բա՜մ, փորոտան» երգի մշակումը: Կոմպոզիտորի ստեղծագործությունները հրատարակվել են Բեյրութում (1946-48թթ) և Երևանում (1969թ.): Արաբական մշակույթի զարգացմանը նպաստելու համար պարգևատրվել է Լիբանանի «Մայրիներ» և Ֆրան­սի­ա­յի «Le palme d'academie» շքանշաններով: Մահացել է Բեյրութում: Բարսեղ Կանաչյանի անու­նով Բեյ­րու­թում կոչվել է երաժշ­տա­նոց, Երևա­նում` արվեստի դպրոց: