ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ

Թավջութակահար

Ծնվել է 1988թ. հոկտեմբերի 23-ին, Երևանում: Ջութակահար Սուրեն Հախնազարյանի որդին է: Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում: 2000թ. հրավիրվել է Մոսկվա` երաժշտական ուսումը շարունակելու նպատակով: Այդ շրջանում դարձել է ՌԴ մշակույթի նախարարության (2001թ.), ռուս-հայկական «Նոր անուններ» բարեգործական հիմնադրամի, «Արամ Խաչատրյան», «Մստիսլավ Ռոստրոպովիչ» (2005թ.), «Ռուս կատարողական արվեստ» և այլ հիմնադրամների կրթաթոշակառու: Մասնակցել է աշխարհահռչակ երաժիշտների, թավջութակահարների դասընթացների՝ Մ.Ռոստրապովիչ, Յո-Յո Մա, Ս.Իսսերլիս, Դ.Գերինգաս, Պ.Կատց, Լ.Լեսսերս, Ռ.Կիրշբաում, Ֆ.Հելմերսոն և այլք: 2006թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից ուսումնարանը և ընդունվել կոնսերվատորիա՝ պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովի դասարան: Կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: Ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի, Չիկագոյի, Տոկիոյի և Լոնդոնի սիմֆոնիկ, «Նոր Ռուսաստան», Ռուսական ազգային, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Վերդիի անվան և այլ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, Վ.Սպիվակովի, Ջ.Մեսթերի, Հ.Վոլֆի, Վ.Գերգիևի, Մ.Յուրովսկու և այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի, պատվոգրերի, մրցանակների: 2008թ. Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 Հատուկ մրցանակի, 2006թ. Ա.Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում` 1-ին մրցանակին և ոսկե մեդալի, 2007թ. Պ.Չայկովսկու անվան մրցույթում` դափնեկրի կոչման և մի շարք այլ հեղինակավոր մրցույթներ ու մրցանակներ: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթի հաղթող և ոսկե մեդալակիր: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում և այլուր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար