ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

Բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ

951 - 1003

Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում, եկեղեցական գործիչ, աստվածաբան Խոսրով Անձևացու ընտանիքում։ Վաղ հասակից կապված է եղել Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրը եղել է մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույև ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում նրա կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ 10-րդ դարի հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Այդ շրջանում, երբ գնալով ուժեղացել Է աշխատավորության պայքարը ֆեոդալականության ու եկեղեցու դեմ և եկեղեցին հաշվեհարդար է տեսել իր հակառակորդների հետ, շատերն էին կասկածվել, մեղադրվել աղանդավորության մեջ և հալածվել։ Անանիա Նարեկացին, ինչպես և Գրիգորը, նույնպես ենթարկվել են կասկածների։ Նրանից մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի» (997թ.), չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են 10-րդ դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ Է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։ Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը, սակայն դա շատ անգամ տաղերի լոկ վերնագրային նմուշներից է երևում, իրականում բանաստեղծության մեջ պատկերվում է կանացի գեղեցկությունն ընդհանրապես, որը տարբերվում է շարականներում հաճախ հանդիպող աստվածամոր նկարագրից։ Էպիտետներն ու համեմատությունները առաջացնում են ոչ թե վերացական, հոգևոր անշոշափելի գեղեցկության, այլ միանգամայն իրական, տեսանելի գեղեցկության տպավորություն։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։ Գրականության պատմության մեջ բանաստեղծն թերևս առաջինն Է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։ Հայ և համաշխարհային գրականության մեջ նա հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն Էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին զարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարող է միանալ աստծուն։ Նա տարակուսում Է, որ կարող է հասնել իր իդեալին՝ աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնևլու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։ Գտնում Է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «...մութ խորհուրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, փրկության և աստվածային Էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։ Պոեմի մեկը մյուսից ծանր մեղանչումների պատկերները ճշմարտացիորեն արտացոլում են ֆեոդալական իրականության բացասական կողմերը։ Հեղինակը ներկայացնում է ժամանակաշրջանի հասարակության տարբեր խավերի բարոյական դիմանկարը, բացահայտում դիրք ու պաշտոն ունեցող մարդկանց բացասական գծերից ամենացայտունը՝ պարտավորության և իրական վարքագծի հակասությունը։ Նրա հավատն առ աստված այնպես չէ, ինչպես ավանդում էր եկեղեցին։ Թոնդրակեցիների (հետագայում նաև Արևմուտքի ռեֆորմիստների) նման փրկության հավատն է այն հիմնական գաղափարը, որի վրա հիմնվում է գրողի միստիցիզմը։ Բանաստեղծը դիմում է ոչ թե եկեղեցուն, այլ աստծուն։ Ոչ թե եկեղեցուց, այլ միայն աստծուց կարելի է շնորհ սպասել։ Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ նա ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրաևց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՝ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։ նրա փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։ ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող հեղինակի ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգեվոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել և՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր: «Մատեան ողբևրգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։ Գրողը գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ Հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժողովրդական-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ «Մատեան ողբերգութեան» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հսկայական ազդեցությունը։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլև նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։ Նարեկացին եղել է նաև վարդապետ և մինչև կյանքի վերջն ապրել է Նարեկավանքում: Վանքի տարածքում նրա հիշատակին կառուցվել է մատուռ, որտեղ էլ ամփոփվել է նրա աճյունը: Նարեկացու անվան հետ են կապված զանազան տեղանուններ, հիշարժան վայրեր և հուշարձաններ, օրինակ՝ Նարեկացու քարերը՝ Վասպուրականի նահանգի Նարեկ, Հարզից գյուղերում ու Նարեկավանքի մոտակայքում, Նարեկացու աղոթատեղին՝ Նարեկ գյուղում, Նարեկացու գիհի ծառը՝ Զևե գյուղում, տունը՝ Եվդոկիայում և այլն: Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Նարեկացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Խաչվերացի հինգերորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը՝ սուրբ թարգմանիչ վարդապետների հետ: Երևանում կանգնեցվել է Գրիգոր Նարեկացու հուշարձանը: 2015թ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու դոկտորի» տիտղոս է շնորհել:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար