ՄԵՏԱՔՍԵ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

23 դեկտեմբեր, 1926 - 10 օգոստոս, 2014

Մետաքսե Պողոսյան

Ծնվել է ՀՀ Արթիկի շրջանի Արևշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Մանուկ հասակից զրկվել է ծնողներից, մեծացել է Գյումրու մանկատանը: 1952թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական, 1958թ.` ԽՍՀՄ գրողների միությանը կից Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտները: 1958թ. «Լիպեցկ» շոգենավով, ուր աշխատել է որպես նավաստի, եղել է Եգիպտոսում և Ալբանիայում: 1963թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1989-91թթ եղել է Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահը, 1992-95թթ` ՀԳՄ Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախմբի նախագահը: 2002թ. գրել է «Հովհաննես Շիրազը իմ հուշերում», 2004թ.` «Պարույր Սևակը իմ կյանքում» հուշագրությունները: Թարգմանել է ռուս բանաստեղծ Ախմադուլինայի «Բանաստեղծություններ» (1968թ.), սլովակ Միրոսլավ Վալեկի «Հեռավոր հանդիպում» (1979թ.), ռումին դասական Թուդոր Արգեզիի «Խորհրդավոր սաղմոս» (1986թ.) բանաստեղծական գրքերը և մակեդոնացի Սլավկա Մանևայի «Ջիջի» մանկական պատմվածքների գիրքը (2003թ.): Նրա բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: ԱՄՆ-ում տպագրված «Բոլոր դարերի կին բանաստեղծները սիրո մասին» համաշխարհային հատընտիրում (1990թ.) տեղ է գտել նրա «Գաղտնիք չի մնում» բանաստեղծությունը։ Մասնակցել է միջազգային պոեզիայի փառատոների: 1985թ. ԽՍՀՄ գրողների պատվիրակության կազմում եղել է Իտալիայում և Սիրակուզա քաղաքի «Լացող Տիրամայր» հյուրանոցում, որտեղ արժանացել է Աստծո տեսիլքին, որը ներշնչել է բանաստեղծին Հայաստան վերադառնալուց հետո գրելու «Ամենափրկիչ», «Հովհաննես Մկրտիչ» և «Աստծո տեսիլք» պոեմները, որոնք առանձին գրքերով հրատարակվել են հայերեն և անգլերեն լեզուներով: 2003թ. այդ պոեմներն ուղարկել է Վատիկան` Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին` պատմելով Սիրակուզայի տեսիլքը: Պատասխան նամակում Հռոմի Պապը գրել է, որ իր աղոթքների մեջ հիշելու է բանաստեղծի անունը և «Աստծո օրհնանքները շռայլորեն ցողում է նրա վրա»: Հրատարակվել են նրա «Զգույշ, սիրտ է» (1974թ.), «Սերը հավատ է», «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր», «Երբ ես գալու, Տեր», «Լեռները լալիս են գարնանը» (1987թ.), «Զրույց աշխարհի հետ» (2007թ.), «Սերս ծոցիս մեջ մնաց» (2009թ.), «Մենք ենք ու մենք» (2011թ.) և այլն: 1995թ. հրատարակել է «Շամիրամ» պոեմը: Մանկական գրքերից են` «Մաքրասեր Լիլիթը», «Լիլիթը և բադիկները», «Աչիկի և Վաչիկի զրույցը», «Ճստիկը»: Մոսկվայում հրատարակվել է ռուսերեն «Ճակատագիր», «Կյանքի գրկում», «Հազար ու մի սեր» գրքերը: 1998թ. արժանացել է ՀՀ ՊՆ ոսկե մեդալի, 2004թ.` ոսկե մեդալի` Արցախի ազատագրման գործում ունեցած ավանդի համար, 2006թ.՝ «Երկրապահ» շքանշանի, 2007թ.՝ «Զորավար Անդրանիկ» և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալների, 2008թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2011թ.՝ Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար