Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

20 հոկտեմբեր, 1871 - 7 մայիս, 1928

Ծնվել է Ուկրաինայի Կախովկա քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Սիմֆերոպոլի գիմնազիայում: Երաժշտական պարապմունքներն սկսել է ինը տարեկան հասակից: 1895թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է ջութակ նվագել, ընդգրկվել անսամբլներում, ուսանողական նվագախմբում: Մոսկվայում ջութակի դասեր է վերցրել Մեծ թատրոնի նվագախմբի արտիստ Պեկարսկուց, իսկ 1892-94թթ կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Ն.Կլենովսկու մոտ, 1896-1900թթ Պետերբուրգում՝ Ն.Ռիմսկի-Կորսակովի մոտ: Երկար տարիներ ապրել է Ղրիմում, ուր ծավալել է դիրիժորական և երաժշտական-հասարակական գործունեություն: Որպես կոմպոզիտոր ձևավորվել է առաջավոր ռուսական և հայկական մշակույթների ազդեցությամբ: Շփվել է Ալեքսանդր Ծատուրյանի (նրա խոսքերով 1894թ. գրել է «Այ վարդ» երգ-ռոմանսը), Մաքսիմ Գորկու (նրա տեքստով 1902թ. ստեղծել է «Ձկնորսն ու փերին» բալլադը՝ բասի և նվագախմբի համար, 1911թ.՝ «Էդելվեյս» մելոդեկլամացիան), Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Թամանյանի, Վարդգես Սուրենյանցի, Ռոմանոս Սելիքյանի, Նիկողայոս Տիգրանյանի, Ալեքսանդր Գլազունովի, Անատոլի Լյադովի և այլոց հետ: 1905թ. մամուլում հանդես է եկել բաց նամակով՝ Ն.Ռիմսկի-Կորսակովին Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմից հեռացնելու դեմ: Իր ստեղծագործությամբ հաստատել է ժողովրդին հարազատ, ռեալիստական արվեստը: Ձգտել է ծրագրային, վառ պատկերավոր երաժշտության, որի հիմքերը ժողովրդական ստեղծագործության մեջ են: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում մեղեդային և ռիթմական հարստությամբ, հարմոնիկ և նվագախմբային արտահայտամիջոցների ցայտունությամբ, ազգային բնորոշությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ: Ստեղծել է ժողովրդական կյանքի վառ պատկերներ, նուրբ բնապատկերներ: Սի շարք երկերում հնչում է սոցիալական անարդարության դեմ բողոք, ազատության համար պայքարի կոչ. դրանցից են՝ «Այնտեղ, այնտեղ, դեպ վեհ այն դաշտը» հերոսական երգը տենորի և նվագախմբի համար (1914թ., Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով), «Առ Հայաստան» կոնցերտային արիան (1915թ., Հ.Հովհաննիսյանի խոսքերով): «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի (1905թ., ըստ Մ.Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդի (1907թ., Յ.Պոլոնսկու խոսքերով) և «Սենք կհանգստանանք» մելոդեկլամացիայի (1910թ., Ա.Չեխովի «Քեռի Վանյա» պիեսից Սոնյայի մենախոսության տեքստով) համար ստացել է Գլինկայի անվան մրցանակներ (1908թ., 1910թ., 1912թ.): Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է սովետական երաժշտական մշակույթի շինարարությանը: Ղրիմում ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր և նվագախմբեր, օժանդակել երաժշտական դպրոցի կազմակերպմանը, մշակել է ժողովրդական, նաև հեղափոխական երգեր («Վարշավյանկա», «Անվախ ընկեր․․․», «Կարմիր դրոշ» և այլն): Մոսկվայում, Պետրոգրադում և այլ քաղաքներում հանդես է եկել հեղինակային համերգներով: 1924թ-ից ապրել է Երևանում, մասնակցել Գիտության և արվեստի ինստիտուտի, կոնսերվատորիայի աշխատանքներին, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր: Այդ շրջանում կոմպոզիտորի ստեղծագործությունը հասել է ծաղկման, աշխատել է հերոսահայրենասիրական «Ալմաստ» օպերայի ավարտման վրա (ըստ Հ.Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի), որ մտահղացել էր դեռևս 1916թ.: «Ալմաստ»-ը (լիբրետոն՝ Ս.Պարնոկի), որ գրված է ռուսական դասական օպերայի ավանդույթներով, աչքի է ընկնում հայկական վառ ազգային ինքնատիպությամբ, բովանդակում է ծավալուն մասսայական տեսարաններ (խմբերգեր, պարեր), գործող անձանց արտահայտիչ բնութագրեր, դրամատիկորեն հագեցված դրվագներ: Ստեղծագործորեն օգտագործելով բուն ժողովրդական երաժշտության նմուշներ, դրանց հիման վրա ստեղծել է օպերային մեծ ձևեր՝ միջանցիկ սիմֆոնիկ զարգացումով և լեյտմոտիվների զարգացած համակարգով: Մեծ դեր է խաղացել հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորման գործում: Հենվելով ռուս դասական երաժշտության ավանդույթների վրա, նա հայկական երաժշտությունը հարստացրել է նոր թեմաներով, ընդարձակել է ժանրերը, արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին: Նրա «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ, 1903թ., 1912թ.), «Երևանյան էտյուդները» (1925թ.) և այլ սիմֆոնիկ երկեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներ են: 1926թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Ազատության հրապարակի մերձակա պուրակում: 1933թ. նրա անունով է կոչվել Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ապա՝ թիվ 1 երաժշտական դպրոցը, Երևանում ստեղծվել է կոմպոզիտորի տուն-թանգարանը: Հրատարակվել է Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուն 11 հատորով:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար