ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Դերասան, արձակագիր

14 փետրվար, 1877 - 7 հոկտեմբեր, 1944

Ծնվել է Ներքին Ագուլիս գյուղաքաղաքում: Բեմական գործունեությունն սկսել է 1895թ-ից, Թիֆլիսի հայկական թատերախմբերում, ապա խաղացել է Բաքվի հայկական թատերախմբում: 1898-1900թթ ծառայել է ռուսական ցարական բանակում: 1903-05թթ ուսանել է Մոսկվայի կայսերական թատրոնի դերասանուհի Իրաիդա Ումանեց-Ռայսկայայի դրամատիկական դասընթացներում, որն ավարտելուց հետո, եկել է Ալեքսանդրապոլ և փորձել հիմնել ինքնուրույն թատրոն: 1905թ-ից հանդես է եկել գլխավորապես Հայոց դրամատիկական ընկերության խմբում` Թիֆլիսի Արտիստական թատրոնի բեմում, որտեղ խաղացել է Ֆրանց Մոորի դերը` Շիլլերի «Ավազակներ» դրամայում, որն էլ նրան բերել է դերասանի հռչակ: Անձնավորել է ավելի քան 100 դեր: Դրանցից մի քանիսը խաղացել է տարիներ շարունակ` խորացնելով իր մեկնաբանությունը, դարձել դրանց լավագույն կատարողը հայ բեմում: Ունեցել է խարակաերային ցայտուն տվյալներ, շեշտված դիմագծեր, փոքր-ինչ խանձված ձայն, կտրուկ շարժուձև, որոնք խաղացած դերերին տվել են հոգեբանական հարազատ, սուր և տպավորիչ մեկնաբանություն: 1909թ. Աբելյան-Արմենյան թատերախմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Կ.Պոլսում: Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատել է Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնում, 1922թ-ից` Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Շեյլոկ, 1908թ.), «Համլետ» (Պոլոնիուս, 1924թ.), «Օթելլո» (Յագո, 1934թ.), Լ.Շանթի «Հին սատկածներ» (Կույր վանական, 1913թ.), Ա.Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Սուլեյման, 1915թ.), Հաուպտմանի «Ջրասույզ զանգ» (Նիկեյման, 1922թ.), Հ.Իբսենի «Նորա» (Դոկտոր Ռանկ, 1922թ.), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Տուսով, 1929թ.), Մ.Գորկու «Հատակում» (Կոստիլյով, 1932թ.), Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (Նըսր ոստիկան, 1941թ.), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Հայրապետ), Մոլիերի «Տարտյուֆ» (Տարտյուֆ) և այլն: Նկարահանվել է «Զարե» (1926թ.), «Միշտ պատրաստ» (1936թ.), «Քաջ Նազար» (1941թ.) ֆիլմերում: Գրել է «Ոստայն» (1910թ.), «Հեքիաթ» (1910թ.), «Հրաբուխ» (1914թ., Մակարյան մրցանակ) և այլ դրամաներ, որոնք բեմադրվել են Թիֆլիսի, Բաքվի, Երևանի ու Կ.Պոլսի թատրոններում: Նրա «Եղսան մոքիրը» պատմվածքի հիման վրա «Հայֆիլմը» նկարանել է «Ղուլը» կինոնկարը: 1931թ. ադրբեջաներեն լույս է տեսել նրա «Մի գլխարի պատմություն» գիրքը, իսկ 1950թ. լույս է տեսել նրա «Թերթիկներ իմ կյանքից» հուշերի գիրքը (անավարտ): 1934թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Պարգևատրվել է մի շարք շքանշաններով, պատվոգրերով: 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար