ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դերասանուհի

30 սեպտեմբեր, 1930 - 12 մայիս, 2014

Ծնվել է Երևանում: Բեմում հայտնվել է 13 տարեկանում, երբ թատերական ուսումնարանի սան է եղել: 1949թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1949թ-ից, Վարդան Աճեմյանի հրավերով, աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Նրա խաղին բնորոշ է եղել վառ տեմպերամենտը, անբռնազբոս հումորը: Խաղացել է ավելի քան 150 դեր բազմաթիվ ներկայացումներում, օպերետներում` Ա.Լեպինի «Մի քաղաք կա Վոլգայի վրա» (Սիմա), Ի.Կալմանի «Բայադերա» (Մարիետա), Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ» (Կոլոմբինա), Մ.Քոչարյանի «Հին հիվանդություն» (Նունուֆար), Ա.Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան» (Մարթա), «Սեր աստղերի տակ» (Կարմեն), Օ.Համերշտայնի «Ռոզ Մարի» (Ժաննա), Գ.Տեր-Գրիգորյանի «Սոֆիկի սխալը» (Նատա), Լ.դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք» (Դիանա), «Պարերի ուսուցիչը» (Լիքսենա), Յ.Միլյուտինի «Չանիտայի համբույրը» (Ռոզալյա), Բ.Նուշիչի «Տիկին միսիստրուին» (Ժիվկա), Ժ.Անանյանի «Տաքսի-տաքսի» (Ռոզ), «Մեր տան տերերը» (Թագուհի), Վ.Կոտոյանի «Իմ զոքանչը» (Սաթենիկ), Ժ.Հարությունյանի «Ծաղիկների աշխարհը» (Բալասան), Ա.Արաքսմանյանի «Փիղը պարում է» (Անհայտ կին), Մոլիերի «Սկապենի արարքները» (Զերբինետ), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Խանում), Ն.Գոգոլի «Ամուսնություն» (Ֆյոկլա), Գ.Սունդուկյանի «Վարինկի վեչեր» (Գեներալ դամա) և այլն: 1957թ. եղել է հայ հեռուստաթատրոնի հիմնադիրներից և մինչ 1986թ. խաղացել է ավելի քան 20 բեմադրություններում` հիմնականում գլխավոր դերեր: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և մրցանակների: 2009թ. Լոս Անջելեսում նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոս: 55 տարի եղել է դերասան Կարպ Խաչվանքյանի խաղընկերը: 1999թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2004թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2007թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի, 2011թ.` Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ 1-ին աստիճանի և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալների: 1987թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար