ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Գեղանկարիչ

24 մայիս, 1923 - 8 մարտ, 2013

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1934-54թթ (ընդմիջումներով) սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, Կահիրեի գեղարվեստի բարձրագույն և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1953թ. Բուխարեստի երիտասարդության և ուսանողների համաշխարհային 4-րդ փառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի: 1954թ. մասնակցել է Կահիրեի սալոնների, 1958թ.` Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին, 1959թ. և 1961թ.` Ալեքսանդրիայի բիենալեներին: 1962թ. տեղափոխվել է Հայաստան: Ստեղծագործական առաջին շրջանում պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նատյուրմորտներ: Նրա «Կինը խոհանոցում» (1959թ.), «Նատյուրմորտ սխտորներով» (1961թ.), «Վիշտ» (1961թ.), «Դերձակը» (1962թ.) և այլ գործեր աչքի են ընկնում զուսպ գծանկարով, գունանկարի յուրատիպ կառուցվածքով, շեշտված տխրության և առանձնության զգացումներով: «Հայկական մոտիվ» (1968թ.), «Գարուն» (1969թ.), «Անդորր» (1970թ.), «Մալիշկա գյուղը» (1970թ.), «Ջրանցքի մոտ» (1972թ.) և այլ գործերում ակնհայտ է նկարչի սերը հայկական բնաշխարհի հանդեպ: Նրա ապրումներն ու տագնապի զգացումներն առավել ընդգծված են «Նեյտրոնային ռումբին` ո'չ» (1977-78թթ), «Սումգայիթ» (1989թ.) կտավներում և «Ընտանիք» քանդակում (1989թ. տեղադրվել է Արագածի բարձունքին): 1970-ականների նատյուրմորտներում առօրեական իրերի միջոցով ստեղծել է դրամատիզմով հարուստ հուզաշխարհ` «Մանեկեն և ծաղիկներ» (1972թ.), «Նատյուրմորտ» (1973թ.), «Ձկներ և ձեռնոցներ» (1973թ.), «Գործիքներ» (1976թ.) և այլն: 1967-71թթ եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1988թ. ընտրվել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում, Տարտուում, Ռիգայում, Լվովում, Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Փարիզում և այլուր: Նկարչի գործերից պահվում են Երևանի, Մոսկվայի, Ռիգայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Բեյրութի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2003թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով: 1994թ. արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 1977թ. և 1985թ.` Հայաստանի Պետական մրցանակների: 1977թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար