ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ

Գեղանկարիչ

16 սեպտեմբեր, 1857 - 4 հոկտեմբեր, 1925

Ծնվել է Թիֆլիսի գուբերնիայում` Սղնախում: 1876-78թթ սովորել է Թիֆլիսի գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1879-83թթ` Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: «Կեչիների պուրակ» բնանկարի համար արժանացել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի: Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս, ապա շրջագայել է Հայաստանում: Ստեղծել է Դիլիջանի, Սևանի, Արարատյան դաշտի բնապատկերներ, որոնք ցուցադրել է Թիֆլիսում: 1884թ. Իտալիայում ծանոթացել է վերածննդի և հետագա շրջանների եվրոպական արվեստին, ճամփորդել Շվեյցարիայում: Հիմնականում բնակվել և ստեղծագործել է Թիֆլիսում, իսկ 1899-1901թթ` Փարիզում: Մոտ 40 տարի ցուցահանդեսներ է կազմակերպել Կովկասի հայաբնակ քաղաքներում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում ու Փարիզում: Շուրջ 1000 նկարի հեղինակ է, որոնց մեծ մասը բնանկար է: Նրա ստեղծագործության մեջ բնանկարչությունն ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել: Եղել է խաղաղ բնության նկարիչ: Նրա արվեստին խորթ են փոթորկի, ալեկոծման տեսարանները: Գործերում պատկերել է խաղաղ ջրերի զուլալությունը, երկնաքեր լեռների վեհությունը, կապուտակ երկնքի և արևաշող դաշտերի առասպելական գեղեցկությունը: Նրա ստեղծագործություններում գերակշռում են Սևանն ու Արարատը պատկերող տեսարանները: Ավելի հայտնի գործերից են՝ «Արարատ», «Կեչիով բնանկար», «Ձնհալը Կովկասում», «Անդորրություն», «Ալազանի հովիտը», «Արարատը և Արաքս գետը», «Սանահինի ձորը», «Զանգեզուրի լեռներում» և այլն: Գրել է նաև պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հոդվածներ` արվեստի ու գրականության վերաբերյալ, եռանդուն գործունեություն ծավալել Սայաթ-Նովայի տաղերի հավաքման և հրատարակման, նրա մահարձանի կառուցման, հայ ճարտարապետական կոթողների նորոգման համար: Նրա ստեղծագործությունների գերակշռող մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Թիֆլիսում: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար