ԺԱՆ ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆ

Ջութակահար

5 հոկտեմբեր, 1935 - 29 սեպտեմբեր, 2015

Ծնվել է Մարսելում: 11 տարեկան հասակում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց Մարսելում հանդես է եկել առաջին մենահամերգով` կատարելով Ֆ.Մենդելսոնի և Ա.Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ: Ջութակահարի առաջին ուսուցիչը եղել է հայրը` Երվանդը: 1948թ. տեղափոխվել է Հայաստան: Հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով, որից հետո նրան անվանել են «փոքրիկ հրաշք»: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Կարպ Դոմբաևի դասարանում և Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Դավիդ Օյստրախի ղեկավարությամբ: 1956թ. Պրահայի Սլավիկի և Օնդրժիչեկի անվան մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակին, 1958թ. Մոսկվայի Պ.Չայկովսկու և 1961թ. Փարիզի Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթներում՝ առաջին մրցանակներին: 1965-79թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ելույթներ է ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում: Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի ստեղծագործությունները: 1981թ. տեղափոխվել է ծննդավայր` Մարսել: 1982թ-ից դասավանդել է տեղի կոնսերվատորիայում (1984-ից` պրոֆեսոր) և մենահամերգներով հանդես եկել հարևան երկրներում, հատկապես` Պրովանսի քաղաքներում: 1988թ. Գյումրիի ավերիչ երկրաշարժից ու անկախության հռչակումից հետո, դարձյալ հայրենիքում հանդես է եկել համերգներով: 1971թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1977թ.՝ ՀՀ Պետական մրցանակի: 2015թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով: Մահացել է Մարսելում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար