ԳԵՈՐԳԻ ՄԻՆԱՍՅԱՆ

Երգիչ

27 մարտ, 1942 - 28 հունիս, 2004

Ծնվել է Սոչիում: Սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում և Թատերական արվեստի պետական ինստիտուտի օպերետային բաժնում: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կրասնոդարի օպերետային թատրոնում, ապա` Մոսկվայում` որպես «Մոսկոնցերտ» միավորման մենակատար: Համերգներով հանդես է եկել Խորհրդային Միության երկրներում: 1972թ. տեղափոխվել է Երևան ու ընդունվել Հայաստանի ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ` որպես մեներգիչ: Նրա համար երգեր են գրել Ա.Աճեմյանը, Ռ.Ամիրխանյանը, Ա.Հեքիմյանը, Ա.Բաբաջանյանը և ուրիշներ: Որոշ ժամանակ անց հանդես է եկել որպես «Հայհամերգ» միավորման մեներգիչ` ստեղծելով սեփական գործիքային անսամբլը: Հաճախակի ելույթներ է ունեցել Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ, որը ղեկավարում էր Կոնստանտին Օրբելյանը: 1990-ականների սկզբին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ Կ.Օրբելյանի հետ համագործակցության արդյունքում ծնվել են բազմաթիվ նոր երգեր, այդ թվում` «Փառք մեր ազգության» երգը, որը սփյուռքահայության յուրատեսակ հիմն է դարձել: Երգացանկից ավելի հայտնի են «Արևիկ», «Գալիս ես», «Год любви», «Երևան», «Բայկալն է կանչում», «Всё, что было», «Мир влюблённый и танцующий», «Իմ Հայաստան», «Կապուտաչյա» և այլ երգեր: Նկարահանվել է «Միայն սիրո մասին» ֆիլմ-համերգում (1979թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Օդից թեթև» («Պյեռլեկին», 2000թ.) ֆիլմերում: Թողարկել է ութ ձայնասկավառակ: Արժանացել է ԱՄՆ-ի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ամենամյա փառատոնի «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: 2001թ. կրկին վերադարձել է Երևան: Մասնակցել է Առնո Բաբաջանյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգ-հանդիսություններին: 1979թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: