ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆ

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

Ծնվել է 1984թ. սեպտեմբերի 20-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 2001թ. ավարտել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցը: 2010թ. ավարտել է Երևանի հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը: 2007-10թթ եղել «32 ատամ ակումբ» հումորային նախագծի անդամ` որպես սցենարիստ և դերասան: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: 2009-10թթ եղել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «3 պատ» իմպրովիզացիոն շոու-ծրագրի համահեղինակը և վարողը: 2009-10թթ «Դար 21» հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «Ալո Գարիկ» երաժշտական ծրագիրը: 2010թ. նկարահանվել է «Մեր բակը» հումորային հեռուստասերիալում: 2010թ-ից աշխատում է «Վիտամին» պրոդյուսերական կենտրոնում, որտեղ մինչ 2015թ. եղել է «Վիտամին ակումբ» հումորային շոուի վարողը, դերասան և սցենարիստ: Եղել է նաև «Հարց չկա» շոու-ծրագրի հեղինակը, համասցենարիստն ու վարողը, «Իքս ֆակտոր» երաժշտական նախագծում` որպես ժյուրիի անդամ, «Հայսուպերսթար» նախագծում` որպես երաժշտական պրոդյուսեր և ժյուրիի անդամ: 2009թ. թողարկել է իր առաջին «Inquam» ձայնասկավառակը: 2011թ. ստեղծել է «Ռոք-սերունդ» շարժում-գաղափարախոսությունը: Բազմաթիվ երգերի, երգերի գործիքավորումների և խոսքերի, ինչպես նաև «Վիտամին ակումբ» շոու-ծրագրի երգի հեղինակն է: 2012թ. հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ: 2014թ. նրա հեղինակած «Not Alone» երգը Արամ Mp3-ի կատարմամբ ներկայացվել է Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: Նկարահանվել է «Սուպեր մամա» (2014թ.), «Սիրո գործակից» (2015թ.), «Սուպեր մամա 2» (2017թ.) ֆիլմերում: 2017թ. «Շանթ» հեռուստաընկերությամբ վարել է «Կասկածելի երեկո», 2018թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ՝ «Լավ երեկո» ժամանցային նախագծերը: 2017թ-ից երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ կազմել է «ԳարիկՍոնա» խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով: 2017թ. Գարիկն ու Սոնան Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երգ Երգոց» հաղորդման շրջանակներում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018թ. ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել մրցանակի՝ որպես «Տարվա հիթ»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար